Հետխորհրդային Հայաստանի համար ժամանակ առ ժամանակ որպես «խորամանկ» և հեռանկարային այլընտրանք մատնանշվում է միջանկյալ դիրքն Արևելքի ու Արևմուտքի միջև: Ըստ էության դա աշխարհագրական իմաստով կարող է քննարկման առարկա լինել, սակայն աշխարհաքաղաքական առումով այդ պնդումը լավագույն դեպքում կհավակնի քաղաքական միֆ լինել:
Մի փոքր մանրամասնեմ. ինչպես վերջին մի քանի դարերի ընթացքում, այնպես էլ այժմ Հայաստանը Արևելքի երկրների հետ այդ մակարդակին համապատասխանող հարաբերությունների ուղղակի, շարունակական և հեռանկարային փորձ չի ունեցել և չունի՝ ո՛չ երկկողմ և ո՛չ էլ բազմակողմ (միջազգային կազմակերպությունների) մակարդակով: Դրա համար չեն կարող հիմք ծառայել նաև երկկողմ հարաբերությունները սոսկ Իրանի ու Չինաստանի հետ կամ արաբական աշխարհում հայկական Սփյուռքի առկայությամբ պայմանավորված հարաբերությունները Սիրիայի ու Լիբանանի հետ:

 


Հայաստանը, մասնավորապես, որևէ մասնակցություն չունի Մեծ Միջին Արևելքի շրջանակներում առկա խնդիրների քննարկմանն ու լուծմանը: Նույնն է պատկերը նաև ՀՀ-ից արևելք և հարավ-արևելք ընկած տարածաշրջանների պարագայում: Հետաքրքիր է, որ այդ գաղափարը անցած դարի վերջին ակտիվորեն քննարկվում էր Ռուսաստանի համար, սակայն ի վերջո մերժվեց շատերի կողմից՝ որպես անհեռանկարային, քանզի վաղուց Հին Աշխարհը Արևելքի հետ համագործակցության և երկխոսության համար միջնորդի կարիք չի զգում, և անգամ արևելյան մի շարք երկրներ (Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Սինգապուր և այլն) այնքան ակտիվ հարաբերություններ ունեն Արևելքի հետ, որ որոշ առումներում ավելի շուտ Արևմուտք են համարվում, քան Արևելք:

 


Արևելք–Արևմուտք կապող օղակի դերակատարության հավակնությունները ոչ միայն որևէ հիմք չունեն, այլև խիստ վտանգավոր են, քանզի «կեղծ» այլընտրանքների առաջադրումը հավասարազոր է այլընտրանքի բացակայության հաստատմանը: Հաջողություն կարող է բերել միայն այն քաղաքականությունը, որի հիմքում հստակ արժեքային պատկերացումներ են և իրագործելի նպատակներ:
ՀՀ-ն, որպես հետխորհրդային տրանսֆորմացիայում գտնվող երկիր, բախվելով աննախադեպ մարտահրավերի՝ ստիպված էր լուծումներ որոնել այնպիսի բարդ խնդիրների համար, ինչպիսիք են ժամանակակից աշխարհում աշխարհաքաղաքական և աշխարհամշակութային ինքնորոշումն ու ըստ այդմ, սեփական ազգային-պետական զարգացման ռազմավարության մշակումը: Ընդ որում, ինչպես այլ ոլորտներում, պարտավոր էր հաղթահարել խորհրդային սոցիալ-քաղաքական կարգերի իներցիան և սեփական քաղաքացիներին առաջարկել նոր կենսական ուղենիշներ և արժեքային կողմնորոշիչներ:

 


Հետխորհրդային հասարակությունների համար խորքային արժեքային տրանսֆորմացիայի և ինքնության վերանայման աղբյուրներ կարող էին լինել ազգային ավանդույթն ու ավանդական աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Այդուհանդերձ, որոշ երկրների ինքնորոշման ենթատեքստում ճշգրտման կարիք ուներ «ազգային ավանդույթի» ժամանակային ընդգրկումը՝ հաշվի առնելով խորհրդային և դրա նախընթաց ժամանակաշրջանի աղավաղումները, իսկ երկրորդ բաղադրիչը տարբեր երկրների դեպքում կարող էր ունենալ միանգամայն տարբեր ազդեցություն: Հետևաբար, այդ երկրների աշխարհաքաղաքական ինքնորոշումն այնքան միանշանակ չէր, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից:

 


Խնդիրն ավելի էր բարդացնում այն հանգամանքը, որ այդ երկրները ստիպված էին լուծել իրենց համար աննախադեպ ևս մեկ՝ միջազգային հարաբերությունների ձևավորման խնդիր, ինչն ուներ բացառիկ նշանակություն աշխարհաքաղաքական ինքնորոշման իրագործման արդյունավետության տեսակետից, քանզի արտաքին քաղաքականությունը «պետության կողմից մրցակցող արժեքների միջև ընտրությունն է»:

 

Արմեն Հովասափյան