«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը հայտարարել է, որ ՀՀ քաղաքական կուսակցությունները պետք է դիրքորոշում ունենան Ջավախքի հայաթափման և այլ խնդիրների հետ կապված։ Նա նշել է, որ Ջավախքի հայաթափումը իրականություն է, գոյություն ունի։

ՀՀ-ն պետք է Ջավախքի հայաթափումը կանխող ռազմավարություն մշակի։ Դա կարող է լինել հայ-վրացական տնտեսական համագործակցության, համատեղ տնտեսական նախագծերի շրջանակներում։ Ջավախք պետք է գա «հայկական կապիտալ», որը կհավասարակշռի թուրք-ադրբեջանական տանդեմի տնտեսական էքսպանսիան այդ տարածաշրջանում, ինչպես նաև ստեղծելով տնտեսական ներուժ` աշխատատեղեր, կկանխեր տեղի հայերի արտագաղթը ՌԴ, ՀՀ, իսկ Վրաստան-ԵՄ վիզաների ազատականացումից հետո՝ նաև Եվրոպա։

Անհրաժեշտ է ՀՀ-ի օլիգարխների, ՌԴ-ի հայ գործարարների գումարներն ուղղել Ջավախքում գյուղատնտեսական, զբոսաշրջային, վերամշակող և այլ ոլորտներում տնտեսական հզորությունների ստեղծմանը, այլապես տվյալ տարածաշրջանից միգրացիան կշարունակվի, ինչը հղի է լրջագույն վտանգներով ՀՀ-ի ազգային անվտանգությանը, հյուսիսային սահմանների անվտանգությանն ու նույն Վրաստանին, որի ամբողջ հարավային, հարավարևմտյան սահմանների երկայնքով մահմեդական «միջանցք» է ձևավորվելու։

Թուրքիան և Ադրբեջանը ակտիվ են թե՛ Վրաստանում, թե՛ կոնկրետ Սամցխե-Ջավախքում։ Նպատակը պարզ է՝ փոխել տարածաշրջանի էթնիկ-կրոնական, ժողովրդագրական դեմքն ու այդ տարածքը դարձնել թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ գտնվող տարածաշրջան։ Բաքուն տնտեսական էքսպանսիայի և ներկայության ամրապնդման «դրական» փորձ ունի ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում։

Վրաստանի համար Թուրքիան շարունակում է մնալ տնտեսական կարևոր գործընկեր՝ հակակշիռ ռուսական շուկային ու ազդեցությանը, ինչպես նաև ռազմա-տեխնիկական ոլորտի ամրապնդման համար կարևոր գործընկեր:
Թուրքական EJDER մոդիֆիկացված զրահամեքենաները շուտով տրամադրվելու են Վրաստանի զինված ուժերին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբայան։ Վրաստանի պաշտպանության նախարարն ու ԳՇ պետն այցելել են Վազիանի ռազմակայան, որտեղ հետևել են EJDER-ի փորձարկումներին։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Թուրքիան Վրաստանին է տրամադրելու 100 այդպիսի զինտեխնիկա։
Բրյուսելում վերջերս տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի ու Թուրքիայի նրա գործընկեր Ֆիքրի Ըշիքի հանդիպումը, որտեղ քննարկվել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի եռակողմ ռազմական համագործակցության հարցը։
Մայիսին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ նախատեսվում է ստորագրել եռակողմ համագործակցության հուշագիր։

Անկարան ներդրումներ է իրականացնում վրացական տնտեսության տարբեր ոլորտներում Վրաստանն այն պատուհանն է, որի միջոցով Թուրքիան դուրս է գալիս դեպի Ադրբեջան, Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա:
Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շահագործումից հետո թե՛ երկկողմ՝ թուրք-վրացական, թե՛ եռակողմ՝ թուրք-վրաց-ադրբեջանական տնտեսական կապերը նոր մակարդակի վրա են բարձրանալու:
Թուրքական կապիտալի ամրապնդումը Վրաստանում քաղաքական ազդեցության համար լավ նախադրյալներ է ստեղծում, իսկ հաշվի առնելով Ադրբեջանի ու Վրաստանի սերտ էներգետիկ-տրանսպորտային, ռազմավարական կապերը՝ Բաքուն ու Անկարան ունեն պաշտոնական Թբիլիսիի վրա ներազդելու լուրջ լծակներ թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբին Թբիլիսիում այս պահին որոշիչ է:

ՀՀ-ի համար կարևոր է Վրաստանը հավասարակշռված դիրքորոշումը, այդ թվում՝ ՀՀ-ի նկատմամբ, քանի որ Վրաստանի վերածումը թուրք-ադրբեջանական հակահայկական կոալիցիայի մի մասի ՀՀ-ի հյուսիսում կստեղծի անվտանգային առումով այլ իրավիճակ՝ հաշվի առնելով ՀՀ-ի սահմանակից ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի շրջանի առկայությունը, Ջավախքի հայաթափումը՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով, այնտեղ թուրք-մեսխեթցիների և աջարացիների բնակեցումը` ՀՀ-ի մեկուսացումն արդեն կուրվագծվի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան աշխարհագրական սահմանով: