Արամի և Կողբացի փողոցների (նախկինում՝ Ցարսկայա և Մալյարնայա) խաչմերուկին, Մաշտոցի պուրակի և Մարգարյանի հիվանդանոցի հարևանությամբ գտնվող անկյունային այս շենքում 20-րդ դարի սկզբին տեղակայված է եղել Երևանի պետական բանկը:

 

Կայսերական պետական բանկի Երևանի մասնաճյուղը բացվել էր դեռևս 1893 թվականին, իսկ 1902-ին ավարտվեց բանկի գլխավոր գրասենյակի, այն ժամանակ դեռևս երկհարկանի կառույցի շինարարությունը, որի ճարտարապետներն էին Վասիլի Միրզոյանն ու Նիկոլայ Կիտկինը: 1930-ականների սկզբին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի կողմից շենքը հիմնովին վերակառուցվեց՝ պահպանվեց ճարտարապետական ընդհանուր հորինվածքը և ավելացվեցին երրորդ հարկն ու ձախակողմյան հատվածը:

 

1918-1920 թթ. այս շենքում է գործել Հայաստանի առաջին Հանրապետության պետական կենտրոնական բանկը, այնուհետև տեղակայված է եղել ծննդատուն, իսկ 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին շենքը գործել է որպես հոսպիտալ: Ներկայումս Մաշտոցի պուրակին հարող շենքի ճակատային հատվածի հարկաբաժինները դատարկված են և շենքն ամբողջական վերանորոգման մեծ կարիք ունի:

 

Ռուբեն Շուխյան