Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.


Պատերազմի վերսկսման մասին բարձրաձայնողներին խնդրում եմ չահաբեկել Արցախում ապրող իմ հայրենակիցներին, մարտական հերթապահություն իրականացնող հազարավոր զինվորների ծնողներին և հարազատներին, և մեր ժողովրդին ընդհանրապես:

 

Նախ 1991թ. սկսած պատերազմը դեռ չի ավարտվել, այսպես կոչված զինադադարի ռեժիմը խախտվել է անմիջապես, զինադադարի կնքման օրվանից առ այսօր, և խախտվելու է դեռ տասնյակ տարիներ: Փոխվելու են զենքերն ու նրանց տրամաչափերը, տեխնիկան ու տեխնոլոգիաները, եթե այն դիտարկում ենք որպես ռազմական գործողություն, ապա այն ժամանակ առ ժամանակ տեղի է ունենալու:

 

Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն:

 

Մենք՝ Արցախում ապրողներս, ընդմիշտ պետք է ազդակ հաղորդենք մեր ժողովրդին, որ սա մեր դառը և ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր և պարտավորեցնող խաչն է: Իսկ եթե շատ եք ուզում, կարող եք անվանել նաև հարատև պայքար: Սա այն անխուսափելին է, որը կա այսօր և կլինի դեռ երկար ժամանակ:

 

Լավ լուր եմ ուզում հաղորդել իմ հայրենակիցներին՝ մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են ԻՄ ԱՅԳԻՆ հիմնադրամը, և երեկ՝ կիրակի օրով, ծառատունկ են կազմակերպել Արաքսի հովտում:

 

Հ.Գ. Օրերս Արցախ էր ժամանել ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը՝ Ստեփանակերտում մեծ ներդրում կատարելու ցանկությամբ: