Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսում տեղի է ունենալու արտահերթ նիստ, որտեղ քննարկման է դրվելու սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցը։ Ադրբեջանում կառավարման ձևի մեջ փոփոխությունների պատճառով'փոխնախագահների ինստիտուտ և այլն, Նախիջևանի Մեջլիսի ղեկավար Վասիֆ Թալիբովը նշանակվելու է Ադրբեջանի փոխնախագահ։
Թալիբովը համարվում է Ադրբեջանում իշխող «նախիջևանյան կլանի» անդամ, ով երկար տարիներ զբաղեցնում է իր պաշտոնն ու համարվում է Նախիջևանի «գորշ կարդինալ»։ Կլանի անդամ լինելու շնորհիվ նա պահպանում է իր դիրքն ու ամրապնդում Ալիևի իշխանությունը նաև «կլանի» հայրական «տարածաշրջանում»։
Ալիևները նախիջևանյան քրդեր են և այդ պատճառով իշխող էլիտայի մի մասին անվանում են «նախիջևանյան կլան» կամ ոչ հաճախ նաև «քրդական կլան»։
Ինչպես հայտնի է, առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, ով ներկայացնում է Փաշաևների կլանը, կամ իշխող էլիտայի նեղ շրջանակի այդ թևը, որը բավականին ինքնուրույն է և հաճախ ոչ բացահայտ փորձում է «ձեռնոց նետել» «նախիջևանյան կլանին» ու ամրապնդել սեփական դիրքերը երկրի քաղաքական, ֆինանսական, լրատվական և այլ հարթակներում։
Ալիևը փաստորեն ընտրել է ողջ քաղաքական, տնտեսական իշխանությունը կլանի ու ընտանիքի ձեռքում կենտրոնացնելու մարտավարությունը'վստահել միայն շատ նեղ շրջանակին, ովքեր նրան անդավաճան ծառայել են այս ողջ ընթացքում։ Նրա 19-ամյա որդին՝ Հեյդար Ալիևը, ժամանակի ընթացքում նույնպես մաս է կազմելու իշխանության, սակայն դա ավելի շատ միջնաժամկետ կամ երկարաժամկետ ապագայի հարց է: Գործող նախագահ Իլհամ Ալիևն այժմ 55 տարեկան է, իսկ գործող սահմանադրությունը թույլ է տալիս նրան վերընտրվել անսահմանափակ անգամ:
Իշխանության վերին օղակներում կրկին փորձ է արվում պահպանել որոշակի բալանսը «կլանների» միջև'նրանց մեջ բացահայտ հակամարտություն թույլ չտալու ու կուռ պահելու տրամաբանությունից ելնելով։
Արտյոմ Բալասանով