Դե՛ն գցենք ամեն խոչընդոտ և մի կողմ թողնենք մեղքը, որ հեշտությամբ է պաշարում մեզ, և համբերությամբ պայքարենք մեզ ներկայացող փորձությունների դեմ: Մեր աչքերն ուղղենք Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին, այն կատարելագործողին, որը իմանալով, թե ինչ ուրախություն է սպասում իրեն, արհամարհեց ամոթը, հանձն առավ խաչի վրա մեռնել և նստեց Աստծու աթոռի աջ կողմում:


Եվ որպեսզի երբեք չհուսալքվեք ու չտկարանաք, մտաբերե՛ք, թե Հիսուս ինչպիսի՛ համբերությամբ կրեց մեղավորների հակառակությունները: Դուք դեռ ձեր արյունը թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքի դեմ պայքարում:
Դուք նաև մոռացել եք այն հորդորը, որ ուղղված է ձեզ՝ իբրև որդիների.
«Որդյա՛կ իմ, մի՛ արհամարհիր Տիրոջ խրատը և մի՛ վհատվիր, երբ նա հանդիմանի քեզ, որովհետև երբ Տերը խրատում է, նշանակում է, թե սիրում է քեզ, և երբ պատժում է, նշանակում է, թե քեզ ընդունում է իբրև որդու»:


Ուստի համբերությա՛մբ ընդունեցեք Աստծու խրատը՝ իմանալով, որ նա ձեզ հետ վարվում է հոր նման: Կա՞ մի որդի, որ իր հորից հանդիմանություն ստացած չլինի:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:1-7)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան