Միանշանակ է, որ թյուրքական ծագման տեղանունները պետք է հայկականացվեն՝ հնարավորության դեպքում պատմականության սկզբունքով: Այլ խոսքերով՝ եթե ունենք Արցախ հնավանդ ձևը, որևէ իմաստ չկա պահպանելու Ղարաբաղը:


Բոլոր փաստարկները առ այն, որ թյուրքական ծագման տեղանունը հանդիպում է երգերում, բանահյուսության մեջ և այլուր, չեն դիմանում պարզ տրամաբանության քննությանը, որովհետև որևէ մեկի մտքով չի անցնի, դիցուք, Ոստանը շարունակել կոչել Բաջազլու, քանի որ այն հանդիպում է «Անտեր մնար Բաջազլվա պոեզը» երգում կամ Արագածը շարունակել կոչել Ալագյազ, միայն այն բանի համար, որ ունենք Իսահակյանի «Ես որ մեռնիմ' ինձ կթաղեք Ալագյազի լանջերում» տողը:


Ի վերջո, եթե ժամանակին չիրականացվեր տեղանվանական ապագաղութացում, այսօր, պատկերավոր ասած, կունենայինք Չուխուր Սաադի Հանրապետություն՝ Ղամարլու (Արտաշատ), Դավալու (Արարատ), Համամլու (Սպիտակ), Զանգիբասար (Մասիս), Բասարգեչար (Վարդենիս), Ղուրդուղուլի (Արմավիր), Քարվանսարա (Իջևան), Ղզլղոչ (Աշոցք) և այլ քաղաքներով:

 

Վարդան Ոսկանյան