Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Մյունխենում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Իսրայելի համար առկա է երեք հիմնական խնդիր'Իրանը, Իրանն ու ևս մեկ անգամ Իրանը։

 


Նա նշել է, որ հրեական պետության համար վտանգ է ներկայացնում Իրանի միջուկային ամբիացիաները, բալիսթիկ ծրագրերն ու ազդեցության տարածումը Մերձավոր Արևելքում'Եմենում, Սիրիայում, Լիբանանում, ինչպես նաև Իրաքում, Բահրեյնում ու Սաուդյան Արաբիայում։ Լիբերմանի խոսքով, Իրանն իր նպատակների համար օգտագործում է Լիբանանում 'Հզբոլահ շարժումը, Գազայի հատվածում'Իսլամական ջիհադն ու ՀԱՄԱՍ–ը, հուսիտներին Եմենում ու տարբեր շիական խմբավորումներն Իրաքում։
Լիբերմանը փաստորեն կրկին անգամ Իրանից փորձում է ձևավորել Մերձավոր Արևելքում «ընդհանուր արտաքին թշնամու» կերպար, փորձելով այդ կերպ ժեստ անել ԱՄՆ–ի նոր վարչակազմին, ինչպես նաև Վաշինգտոնի արաբական դաշնակիցներին'Ծոցի երկրներին, որոնք ունեն աշխարհաքաղաքական մրցակցություն Թեհրանի հետ ու որոնց տարածքում գտնվում են ամերիկյան ռազմաբազաները։

 

 


Իսրայելի պաշտպանության նախարարը շեշտելով այն ուժերն ու տարածաշրջանները, որտեղ գործում է Իրանը, նաև հասկացնել է տալիս, որ Իսրայելը կարող է համագործակցել այդ երկրների «հակաիրանական» էլեմենտների հետ։
Ինչ վերաբերվում է ՀԱՄԱՍ–ին, ապա Թել Ավիվն այդ կազմակերպության կողմից հրեական տարածքի հրետակոծության կամ ուղիղ սպառնալիքի դեմքում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ–ի բազաներին ու անգամ «պատժիչ» գործողություններ իրականացրել Գազայի հատվածում։ Լիբանանում Իսրայելը փորձելու է հենվել Հզբոլահի դեմ տրամադրված ուժերի վրա, այդ թվում օգտագործելով Սաուդյան Արաբիայի ազդեցությունը Լիբանանի սունիական շրջանակների վրա։
Ինչ վերաբերվում է Սիրիային, ապա Իսրայելի շահերից է բխում Սիրիայի մասնատումը, Հզբոլահի ուժերի սպառումը ԻՊ–ի դեմ ծանր մարտերում ու իր հյուսիսում մասնատված' էթնիկ–կրոնական սահմաններով Սիրիան ավելի անվտանգ է, քան Իրանի դաշնակից, ուժեղ, միացյալ, մարտունակ բանակով հակաիսրայելական Սիրիան, որը պահանջելու է Գոլանյան բարձրունքներն Իսրայելից։

 


Տարածաշրջանում Իսրայելը փորձելու է ավելի սերտ կապեր հաստատել Ծոցի երկրների հետ, որոնք չնայած արաբա–իսրայելական հակամարտության պատճառով լարված հարաբերություններ ունեն Իսրայելի հետ, սակայն հակաիրանականությունը, իրանաֆոբիան կարող է միավորող գործոն հանդիսանալ վերջիններիս համար։
Իրանի ազդեցությունը զսպելու քաղաքականությունը մոտակա տասնամյակների ընթացքում լինելու է ԱՄՆ–Իսրայել–Ծոցի երկրներ կոալիցիայի առաջնահերթությունն ու միավորող ուղենիշը։

 

Արտյոմ Բալասանով