ՍԱՐԳԻՍ ԶԱՔԱՐՅԱՆ

Սարգիս Զաքարյանը հայտնի էր արտակարգ խելքով ու քաջությամբ: Մի անգամ վրաց արքունիքը նրան պատգամավոր է ուղարկում Զելի սուլթանշահի մոտ: Սուլթանը ոտքից-գլուխ չափում է նրան եւ արհամարհանքով ասում. «Ձեր երկրում մարդ չկա՞ր, որ քեզ ուղարկեցին»: «Մարդը մարդկանց մոտ, ինձ էլ քեզ մոտ ուղարկեցին»,-պատասխանում է Սարգիսը:

 

Պատասխանը սուլթանին դուր չի գալիս, ուստի կամենալով ծաղրել նրան՝ հրամայում է մածուն հյուրասիրել, որպեսզի երկար մորուքն ու բեղերը մածնոտի: Սարգիսը նախապես բեղ-մորուքին մեղր է քսում եւ առանց մածնի մեջ ձգելու վայելում:

 

Զելին ճանապարհ է դնում նրան եւ հետեւից հինգ ձիավոր ուղարկում, որ սպանեն: Սարգիսն այդ հինգ ասկյարներին ուղարկում է ալլահի գիրկը: Լավ իմանալով, որ մահափորձի հեղինակը սուլթանն է եւ մոտ լինելով սահմանին, նա այնուամենայնիվ որոշում է վերադառնալ Զելիի արքունիքը:

 

«Երկիրդ շատ անապահով է, ամեն քայլափոխի ավազակներ են շրջում, ինձ պահապաններ տուր, անունս էլ գլխավոր մատյանում գրի, որ եթե մի բան պատահի, դու լինես պատասխանատուն»: Զելին զարմանքից քար է կտրում եւ հրամայում հերոսին ապահով հասցնել մինչեւ սահման:

 

ՀԳ - 1185թ. Սարգիս Զաքարյանը վրաց Թամար թագուհու հրամանով ստացավ ամիրսպասալարի՝ սպարապետի պաշտոնը: Նրա որդիներին՝ Զաքարեին ու Իվանեին, հաջողվեց սելջուկներից ազատագրել Հյուսիս-արեւելյան Հայաստանը եւ հիմնել Զաքարյան իշխանապետություն: