Դեռ 1940-ականներին ողջ աշխարհի ժողովուրդը հավատում էր Վալենտինի խորհրդին, իսկ հիմա երիտասարդության 90%-ը արհամարում է այդ խորհուրդները։ Տոնը' որպես տոն, կորցրել է իր խորհուրդը, դարձել է միմյանց նվերներ տալու և օրը նշելու օր։ Բայց իմ զուգահեռները կապ չունեն Վալենտինի հետ, իմ զուգահեռները ավելի մոտ են մեզ, խոսքս «Սուրբ Սարգիս» տոնի մասին է, եթե խոսեք ձեր ծնողների տատիկ-պապիկների հետ, նրանք ավելի լավ կարող են բացատրել տոնը իրենից ինչ է ներկայացնում, ինչ խորհուրդ ունի։

 

Երեկ զրուցում էի մայրիկիս տատիկի հետ (91) տարեկան, պատմում էր տոնի մասին. օրինակ, եթե ուտում ես աղի բլիթ և երազիդ մեջ տեսնում ես քո կեսին, ով քեզ ջուր է բերում, ապա արթնանալուն պես պետք է «
թիքա» (իրենց գյուղի բարբառով՝ ուտելիքի կտոր) դնեք պատուհանի վրա, օրինակ՝ սպիտակ հաց կամ փոխինձ (և այլն), դնելուց հետո պետք է ուշադիր լինեք, քանի որ թռչունները անպայման վերցնելու էին և տանեին, պետք է ուշադրություն դարձնեիք, թե որ կողմ տարան, ուրեմն՝ այդ կողմում էլ գտնվում է ձեր կեսը, իսկ եթե ձեր թիքան ուտում էր կատուն, ապա դա նշանակում էր, որ ձեր երազը կատարվող չէր։

 

Իրականում ո՞վ է Սուրբ Սարգիսը, ինչո՞ւ էին մեր նախնիները կտուրին մատուցարանով ալյուր դնում (տարբեր տեղ, տարբեր բաներ էին լցնում' ձավար, բլղուր, գաթա և այլն), որպեսզի Սուրբ Սարգիսը իր ձիով անցներ և ձիու պայտը դաջեր մատուցարանի վրա։ Շատ լավ ու հետաքրքիր ավանդույթներ ենք ունեցել, ու ցավոք, մեր սերնունդը ամեն ինչից հրաժարվեց, թեկուզ թող անիրական լիներ, հեքիաթ լիներ, բայց թող ինչ-որ պոզիտիվ բան լիներ մեր կյանքում, թե չէ ում ա պետք հիմա, համացանց, համացանց, համացանց... Զոմբիների պես ապրում ենք, երանի մեր նախնիներին, որոնք բնական են ապրել, հավատացել են հեքիաթներին ու ապրել են ներդաշնակ ու հեքիաթներով լի կյանքով, առանց չափից շատ իրականությունը տեսնելու։

 

Սամվել Հայրապետյան