«Թուրքիան ոչ մի դեպքում չի ճանաչելու Ղրիմի անօրինական անեքսիան»։ Այդ մասին Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա նշել է, որ Ուկրաինայի և Թուրքիայի հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ ու Անկարան լիովին աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Թուրքիան տասնամյակներ շարունակ Ղրիմի թաթարների գործոնը օգտագործել է Սև ծովի ավազանի հյուսիսային շրջաններում իր ազդեցությունը ամրանդելու և Ղրիմում՝ ռուսների ազդեցությանը հակազդելու համար: Ղրիմի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հակամարտությունը ունի դարերի պատմություն: Ղրիմի թաթարները միշտ հանդես են եկել որպես թուրքական, իսլամական շահերի սպասարկող գործոն և հակակշիռ՝թերակղզում ռուսական գործոնին:

 


Թուրքիան ի սկզբանե հայտարարել էր, որ չի ճանաչելու Ղրիմի միացումը Ռուսաստանին և Էրդողանը այդ դիրքոշումը հաստատել է նաև Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին ղեկավար Մուստաֆա Ջեմիլևի հետ հանդիպմանը: Անկարան փորձելու է աջակցել Ղրիմի թաթարներին տարբեր միջոցներով, որպեսզի տեղի թաթարները չլքեն թերակղզին և շարունակեն լինել ինքնուրույն գործոն և հակակշիռ՝ռուսական գործոնին և Մոսկվայի շահերին թերակղզում:

 


Թուրքիայի համար այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ղրիմի թաթարներին բացահայտ աջակցելու և ֆինանսավորելու ծրագրերը Մոսկվայի կողմից կդիտվեն որպես Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն, քանի որ Ղրիմն այսօր Ռուսաստանի դաշնային սուբյեկտ է: Չմոռանանք, որ Թուրքիան էներգետիկ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից՝ գազի առաքում, շուտով սկսվելու է նաև ատոմակայանների կառուցումը, իսկ ռուս զբոսաշրջիկները տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտներ են բերում՝այցելելով Թուրքիայի միջերկրածովյան հանգստավայրեր:
Անկարան փորձելու է օգտագործել Ղրիմի թաթարներին, որոնց թիվը թերակղզում հասնում է մոտավորապես 300.000-ի, որպես այսպես կոչված 5-րդ շարասյուն՝ թերակղզում անկայունության օջախ ստեղծելու համար, սակայն դա անելու են մեծ զգուշավորությամբ և հնարավոր է Կիևի իշխանությունների միջոցով:

 


Ռուսաստանը ցանկանում է ամեն գնով շահել Ղրիմի թաթարների վստահությունը, տրամադրել նրանց լայն իրավունքներ՝Ղրիմի կառավարությունը որոշում է կայացրել թաթարներին կառավարման բոլոր օղակներում տեղեր հատկացնել և այսպիսով թույլ չտալ Ղրիմի թաթարների մարգինալիզացումը և նրանց ինքնամեկուսացումը:

 


Կիևի այսօրվա իշխանությունները նույնպես ցանկանում են թերակղզում ունենալ իրենց հակառուսական դաշնակիցներին՝ ի դեմս Ղրիմի թաթարների։
Այսպիսով, Ռուսաստանի համար Ղրիմում ներքին խնդիրներ առաջացնելու, ազդեցության սեփական գործոնը ունենալու համար Անկարան ու Կիևը կարող են օգտագործել Ղրիմի թաթարների գործոնը՝ ռուսական ազդեցությունը Ղրիմում թուլացնելու և հնարավորության դեպքում ռուս-թաթարական բախումներ հրահրել։

 

Արտյոմ Բալասանով