Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ողջունել է գերեվարված ադրբեջանցի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ ցուցաբերված մարդկային վերաբերմունքը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Էվանսը՝ նշելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

 

«Աշխարհը կարող է միայն ծափահարել, երբ գերեվարվածի կամ ձերբակալվածի հանդեպ մարդկային, արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերվում: Պետք է, որ դա փոխադարձ լինի»,- գրել է Էվանսը:

 

Էլնուր Հուսեյնզադեն գերեվարվել է փետրվարի 1-ին: Հուսեյնզադեի կողմից դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով և 350-րդ հոդվածի առաջին մասով: Հուսեյնզադեն ձերբակալված է, տարվում է նախաքննություն:

 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը փետրվարի 3-ին այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին: Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել նրա հիմնարար իրավունքների, այդ թվում' իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի կենսագործմանը: