ԱՄՆ նախագահ Դ.Թրամփի թվիթերյան վերջին գրառումներից մի քանիսը վերաբերում են Իրանին: Դրանցից մեկում անուղղակիորեն նշվում է, որ Իրանը գրեթե կործանման եզրին էր, մինչդեռ ԱՄՆ-ի օգնությամբ կարողացավ հաղթահարել բարդությունները: Կամ, մեկ այլ գրառման շրջանակներում մասնավորապես հնչում է հետևյալ միտքը՝ Իրանն արագորեն տարածում է իր ազդեցությունն Իրաքի նորանոր հատվածներում, չնայած ԱՄՆ-ի ահռելի ֆինանսական ջանքերին և այլն:

 


Եվ, իրոք, մերձավորարևելյան գրեթե բոլոր հիմնախնդիրներում (որոշակի բացառություն է հանդիսանում Բահրեյնը, թեպետ այնտեղ մեծ հաշվով իրավիճակը հակամարտային չէ) ակնհայտ է Իրանի առավելությունները տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հակառակորդների ու մրցակիցների նկատմամբ: Որպես օրինակ՝ Սիրիայում Իրանի դաշնակից կառավարական ուժերը բացարձակ առավելություն են ստանում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի կողմից հովանավորվող տարաբնույթ հակակառավարական խմբավորումների նկատմամբ: Իրաքյան հիմնախնդրում, դարձյալ ԻԻՀ-ի ազդեցությունն էականորեն կրող Իրաքի կառավարությունն աստիճանաբար վերականգնում է տիրապետությունը երկրի ամբողջ տարածքում:

 

Լիբանանում տևական ճգնաժամից հետո ի վերջո նախագահի պաշտոնում ընտրվեց Իրանի հովանավորյալ «Հիզբալլահ» շիայական արմատական կառույցի աջակցությունը վայելող թեկնածուն՝ Միշել Աունը: Եմենում Իսլամական Հանրապետության հովանավորյալ հութիները լուրջ հաջողություններ են արձանագրում ոչ միայն կառավարական ուժերի, այլև՝ հենց վերջինների ուղղակի հովանավորը հանդիսացող Սաուդյան Արաբիայի ԶՈՒ տարաբնույթ ստորաբաժանումների նկատմամբ:
Վերոնշյալը, բնականաբար, լուրջ մտահոգության տեղիք է տալիս ոչ միայն շիայական Իրանի մրցակից հադիսացող մերձավորարևելյան վերը թվարկված սուննիական երկրներում, այլև՝ տարածաշրջանում Թեհրանի առանցքային հակառակորդը հանդիսացող Իսրայելում, իսկ նոր վարչակարգի հաստատումից հետո՝ նաև ԱՄՆ-ում:

 


Հետևաբար, Դ.Թրամփի մոտեցումն Իրանի հետ հարաբերություններում, և նրա կտրուկ հռետորաբանությունը մեծ ոգևորությամբ է ընդունվում Մերձավոր Արևելքում՝ մեծ սպասումներ արթնացնելով դարձյալ նախկին մեկուսացման քաղաքականության վերագործարկման և տարաբնույթ պատժամիջոցների միջոցով Թեհրանի մանևրելու օղակը սեղմելու հարցերում:
Բնականաբար, առկա իրավիճակն, ըստ արժանվույնի, գնահատվում, իսկ դրանց հնարավոր պատասխան քայլերը լրջագույնս հաշվարկվում են նաև Իսլամական Հանրապետության կողմից. համենայն դեպս, այդ մասին է վկայում Թեհրանից ակնթարթորեն գործող սուր հռետորաբանությունը՝ Սպիտակ տան տարաբնույթ պաշտոնյաների հայտարարություններին ի պատասխան:

 


Վերոնշյալի համատեքստում, ակնհայտ է, որ իրանական հաշվարկներում պարզապես չի կարող անտեսվել իր իսկ «քթի տակ» հյուսիս-արևմտյան հարևանի՝ Ադրբեջանի և Իսլամական Հանրապետության ամենաոխերիմ թշնամու՝ Իսրայելի միջև հատկապես վերջին շրջանում նոր թափ ստացած ռազմաքաղաքական համագործակցության իրողությանը, որը, գուցե Թել Ավիվի մասով ավելի շատ, անհերքելիորեն օգտագործվում է ԻԻՀ դեմ տարաբնույթ ուղղակի կամ անուղղակի թշնամական գործողությունների ծրագրման ու իրականացման ուղղությամբ:

 


Իսկ նաև իսրայելա-ադրբեջանական «առանցքին» որպես հակակշիռ, կամ զսպման համարժեք եղանակ Իրանի կողմից միանշանակ կերպով դիտարկվում և կենսագործվում է Հայաստանի հետ համակողմանի՝ նաև ռազմաքաղաքական և անվտանգային ոլորտներում համագործակցության խթանման ռազմավարական ուղղությունը, որի ամենաթարմ հիմքերն անցյալ տարեվերջին ԻԻՀ նախագահ Հ.Ռուհանիի պաշտոնական այցն էր Երևան և դրան հաջորդած ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանի՝ այս օրերին կատարած բավական բովանդակալից պաշտոնական այցը Թեհրան, ինչպես նաև՝ տեղի ունեցած հանդիպումների լայն ու բազմակողմանի շրջանակը:

 

Իսկ դրանց շրջանակներում ձեռք բերված հրապարակային և ստվերային պայմանավորվածությունների առարկայացումը ոչ միայն լրջագույնս կնպաստի երկկողմանի հարաբերությունների վերընթաց զարգացմանն, այլև՝ առնվազն սառը ցնցուղի ազդեցություն կարող է ունենալ հակառակորդների համար՝ հատկապես Ադրբեջանական Հանրապետությունից նվազագույն վտանգի կանխազգացման պարագայում:

 

Արմեն Պետրոսյան