ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ավելի ու ավելի շատ վերահսկողություն է սահմանում Իրաքի վրա, որտեղ Վաշինգտոնը 3 տրիլիոն դոլար է վատնել:
«Իրանը գնալով ավելի շատ է կուլ տալիս Իրաքին, նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը այս երկրում 3 տրիլիոն դոլար է ծախսել: Դա վաղուց ակնհայտ է »,-գրել է նա Twitter-ում: Ավելի վաղ Սպիտակ տունը պաշտոնապես նախազգուշացրել է Իրանին տարածաշրջանում Թեհրանի գործողությունների, այդ թվում նաև բալիստիկ հրթիռների փորձարկումների առնչությամբ։
Շիա-սունի հակամարտությունը հատկապես սուր է արտահայտվում Սիրիային սահմանակցող գրեթե 32 միլիոն բնակչություն ունեցող Իրաքում, որտեղ շիաների և սունիների հակամարտությունը՝ սիրիական ճգնաժամի հետևանքով նոր թափ է ստացել:


Իրաքի բնակչության մեծամասնությունը՝ 65% կազմում են շիաները, ովքեր հիմնականում բնակվում են հարավային և հարավ-արևելյան շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաք Բաղդադում, սունիները՝ 35%-ը, բնակվում են հիմնականում երկրի կենտրոնական և հյուսիսային շրջաններում: Իրաքի հյուսիսում կոմպակտ բնակվում են քրդերը, որոնք ունեն իրենց ինքնավարությունը:


Սադդամ Հուսեյնի կառավարման ժամանակ հիմնական դերակատարումը երկրում իրականացնում էին սունիների, իսկ ամերիկյան ներխուժումից և Հուսեյնի տապալումից հետո այժմ մեծ դերակատարում ունեն շիաները, ինչն էլ հանգեցնում է սունիների դժգոհությունը:
Իրաքում են գտնվում շիաների համար սուրբ համարվող Քերբելա ու Էն–Նաջաֆ քաղաքներն ու Իրանը բազմաթիվ անգամ նախազգուշացրել է ԻՊ–ին և այլ խմբավորումներին, որ այդ քաղաքներին մոտենալը Թեհրանի կողմից կընկալվի որպես «կարմիր գծերի» խախտում ու նրանք զորքեր կմտցնեն այդ սրբավայրերը ու տեղի շիաներին պաշտպանելու համար։ Իրաքը Թեհրանի համար «կյանքի ճանապարհ» է դեպի Սիրիա–Լիբանան'«շիական առանցքի» երկրներ։ Իրանն'Իրաքի տարածքը դիտարկում է, որպես կենսական շահերի գոտի և այդ պատճառով թե տնտեսապես, թե ռազմա–քաղաքական առումով փորձում է ուժեղացնել իր ներկայությունն ու ամրապնդել տեղի շիաների դիրքերը։


Իրանը նաև IGAT-6 գազամուղով սկսել է գազ մատակարարել Իրաքին, ինչը խոսում է երկկողմ տնտեսական նախագծերի իրականացման և ապագայում այդ գազամուղը տարանցիկ'դեպի Սիրիա ու Միջերկրականի ափ հասցնելու պլանների մասին։ Իրաքն ու Իրանը ստորագրել են 100-ից ավել տնտեսական ծրագրեր, Թեհրանը հանդիսանում է Իրաքի համար կենսական նշանակության ապրանքների առաքող, երկրները պատրաստվում եմ միավորել իրենց երկաթգծերն ու ընդլայնել տրանսպորտային համագործակցությունը։


Իրաքում գործում են բազմաթիվ շիական զինված խմբավորումներ, որոնք ստանում են Իրանի'Ալ–Կոդս–ի, պահապանների գնդի ֆինանսական, ռազմական աջակցությունն ու հանդիսանում են Թեհրանի և տեղի շիաների շահերի պաշտպան։


Այսպիսով, Թրամփը զգուշանում է տարածաշրջանում Իրանի դիրքերի ամրապնդումից և այդ տրամադրությունները տիրում են ոչ միայն Վաշինգտոնի վարչակազմի մոտ, այլ Ծոցի արաբական երկրներում'հատկապես Էռ–Ռիյադում ու Դոհայում, ինչպես նաև Իսրայելում։

 

 

Արտյոմ Բալասանով