Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ շատ երկրներ ցանկանում են իրենց ֆինանսական միջոցներով մասնակցել Սիրիայի վերականգնմանը։ Ասադն ընդգծել է, որ այդ երկրների ցանկում են առաջին հերթին ՌԴ–ը, Իրանն ու Չինաստանը։
Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի և Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսի ներկայությամբ, Իրանի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնայներն օրերս ստորագրել են համագործակցության 5 փաստաթուղթ:

Փաստաթղթերը վերաբերվում են գյուղատնտեսությանը, հեռահաղորդակցությանը և նավթարդյունաբերության ոլորտներին:
ՌԴ–ը և Իրանը առանցքային դերակատարում են ունենում Ասադի վարչակարգի պահպանման, Սիրիան`ԻՊ–ի և այլ իսլամիստական խմբավորումներից ազատագրելու հարցում, իսկ ռազմա–քաղաքական, դաշնակցային համագործակցության տրամաբանական շարունակությունն է լինելու նաև տնտեսական համագործակցությունն ու պատերազմի հետևանքով կազմաքանդված սիրիական տնտեսության վերականգնումը։

Իրանը տարիներ շարունակ վարկերով, ուղղակի և անուղղակի ներդրումներով աջակցել է Ասադին`պատերազմի ամենածանր պահերին և վերոնշյալ պայմանագրերի ստորագրումը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Թեհրանը պաշտպանելու «շիական կիսալուսնի»`Իրաք, Սիրիա, Լիբանան կենտրոնական երկիր`Սիրիան և փորձելու է տնտեսապես հզորացնել այն, որպեսզի Դամասկոսը շարունակի գործոն հանդիսանալ Մերձավոր Արևելքում ու իրանական շահերը սպասարկի թե Թուրքիային տարածաշրջանում զսպելու, թե Լիբանանի ներքաղաքական իրադարձությունների վրա ազդելու`Հզբոլահի միջոցով, ինչպես նաև ամենակարևորը`Թեհրանը տարածաշրջանային թիվ մեկ հակառակորդ`Իսրայելի դեմ «պլացդարդմ» ծառայելու տեսանկյունից։

 

Ինչ վերաբերվում է ՌԴ–ին, ապա Մոսկվան ռազմակայաններ ունի Սիրիայում`Հմեյմիմ, Տարտուս ու ցանկանում է ապահովագրել իր ռազմա–քաղաքական ներկայությունը նաև տնտեսական ծրագրերով։ Ռուսական ներդրումները մեծ են լինելու Հալեպի, սիրիական այլ խոշոր քաղաքների վերականգնման գործում ու ռուսական կապիտալը իր տեղն է գտնելու սիրիական տնտեսության մեջ`իրանականի հետ զուգահեռ։ Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա Պեկինը տնտեսական շահեր ունի և կապիտալի էքսպանսիա է անում աշխարհի ցանկացած կետում`Լատինական Ամերիկայից, Ասիայից մինչև Օվկիանիա։

Մերձավոր Արևելքի կենտրոնական պետություններից մեկում`Սիրիայում չինական ներկայությունը կարևոր է նաև ույգուրական տարբեր խմբավորումների դեմ պայքարում, որոնք Սիրիայից վերադառնում են Սինցզյան և այնտեղ «ջիհադական և անջատողական» դրոշի ներքո պայքարում Պեկինի կենտրոնական իշխանությունների դեմ։

Այսպիսով, Սիրիան ռազմա–քաղաքական ազդեցության գոտիների առումով բաժանված է լինելու ռուս–իրանական տանդեմի միջև, ինչն իր արտահայտություն է գտնելու տնտեսական ոլորտում`ռուսական, իրանական և ինչու ոչ նաև չինական ներդրումները Սիրիան փորձելու են կրկին վեր հանել փլատակներից`սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով։

 

Արտեմ Բալասանով