Ադրբեջան-Իսրայել ռազմաքաղաքական տանդեմը նոր ինտրիգներ բերեց Հարավային Կովկաս։ Մինչև այդ տանդեմի ձևավորումը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանվում էր գլխավորապես Ռուսաստանի ու Թուրքիայի (հետևաբար և՝ ՆԱՏՕ-ի)՝ հարավկովկասյան ուղղությամբ ռազմատեխնիկական ներգրավվածությամբ։


Հատկապես վերջին կես տասնամյակում տարածարջանում Իսրայելի ռազմաքաղաքական ակտիվացմամբ վերափոխվեց դեպի Հարավային Կովկաս սպառազինությունների մատակարարման արտաքին հիմնական սուբյեկտների նախկին «ձևաչափը»։ Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական ակտիվ համագործակցությամբ մեր տարածաշրջանի ռազմատեխնիկական նկարագրում իր առաջատար դիրքերը զգալիորեն զիջել է Թուրքիան, ինչի արդյունքում հարավկովկասյան ռազմական հավասարակշռության պահպանման ուղղությամբ հիմնական մրցակցությունը ընթանում է Ռուսաստանի ու Իսրայելի միջև։


Պետք է նկատել, որ ղարաբաղյան հիմնախնդրում հակամարտող կողմերին սպառազինությունների մատակարարման մրցավազքը էապես ակտիվացավ ապրիլյան ռազմական գործողություններից հետո։ Նախորդ տարվա կեսերից շրջանառվում էր Ադրբեջանին իսրայելական արտադրության «Երկաթյա գմբեթ» (Irone Dome) հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տակտիկական համակարգի մատակարարման մասին լուրը։ Դրան հաջորդեց հայկական կողմին ռուսական արտադրության «Իսքանդեր» տեսակի օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի (ՕՄՀՀ) մատակարարումը։ Իհարկե, թեև «Երկաթյա գմբեթ» ՀՀՊ տակտիկական համակարգը, որը նախատեսված է 5-70 կմ հեռահարությամբ չկառավարվող հրթիռներից պաշտպանության համար, թիրախավորման ու թիրախների խոցման հարցում հավասարազոր չէ և չի կարող լինել արդյունավետ «Իսքանդեր» տեսակի ՕՄՀՀ դեմ հակապայքարում, այնուամենայնիվ, կողմերի միջև ռազմաքաղաքական մրցապայքարում որոշիչ դերակատարություն ունի։


Ասենք ավելին, Ադրբեջանը ժամանակին ձեռք բերեց իսրայելական արտադրության EL/M-2080 Green Pine տեսակի ռադիոլոկացիոն կայանը (ՌԼԿ)։ Իսկ օրերս ԶԼՄ-երում շրջանառվեց Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ բազային ռուսական արտադրության «Небо-М» տեսակի ռադիոլոկացիոն համալիրի (ՌԼՀ) մատակարարման մասին տեղեկատվությունը՝ որպես համարժեք «արձագանք» Ադրբեջանին իսրայելական Green Pine ՌԼԿ տեղակայմանը։
Այստեղ շատ կարևոր պետք է համարել այն հանգամանքը, որ պաշտոնական Մոսկվան, Հարավային Կովկասում սպառազինությունների մատակարարումների հարցում իսրայելական գործոնի ակտիվացման զսպման փոխարեն, մտել է տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու մրցակցության մեջ՝ ի դեմս Իսրայելի։


Հասկանալի է, որ սա քաղաքական խնդիր է, և հիմնականում պայմանավորված է սիրիական գործընթացում Իսրայելի ու Ռուսաստանի միջև առկա բանավոր փոխհամաձայնության իրողությամբ։


Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ նույն 2008թ. վրաց-հարավօսեթական ռազմական գործողություններից անմիջապես հետո, երբ Հարավային Օսեթիայի նկատմամբ կիրառվեցին իսրայելական արտադրության ԱԹՍ և այլ սպառազինություններ ևս, հե՛նց Մոսկվայի չոր դիրքորոշման արդյունքում էապես կրճատվեցին Վրաստանին իսրայելական արտադրության սպառազինությունների մատակարարման ծավալները։

 

Կարեն Վերանյան