Օրերս Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզերն, ամփոփելով 2016թ. միգրացիոն խնդիրների տեսանկյունից, հայտարարել է, որ 2015թ. համեմատ փախստականի կարգավիճակի համար դիմած ներգաղթյալների թիվը նվազել է շուրջ 3 անգամ. 2016թ. նման կարգավիճակի համար գերմանական իշխանություններին դիմել է մոտ 280 հազ. մարդ՝ 2015թ. 890 հազարի դիմաց: Այս համատեքստում, հարկ է նշել նաև, որ 2016թ. դիմած անձանց զգալի մասը մեծ հավանականությամբ այդ երկիր էին տեղափոխվել դեռևս 2015թ.ասել է, թե՝ հնարավոր է անգամ նախորդ տարի Գերմանիա ներգաղթյալների թվի զգալի նվազում: Բացի այդ, 2016 թ. Գերմանիայի տարածքը լքել և սեփական հայրենիք է վերադարձել շուրջ 55 հազ. մարդ՝ մեծամասամբ Բալկանյան հանրապետությունների քաղաքացիներ:

 


Դիտարկելով միգրացիոն հոսքերի հետ կապված վերոնշյալ պատկերը' որպես դրանց նվազման առաջնային պայման կարելի է դիտարկել 2016թ. մարտին կայացած ԵՄ-Թուրքիա միգրացիոն գործարքը, որի առանցքային դրույթների համաձայն՝ Թուրքիայի կողմից սեփական տարածքից փախստականների հոսքերի կանխարգելման դիմաց՝ Բրյուսելը խոստանում էր 3,5 մլրդ դոլարի չափով ֆինանսական աջակցություն:

 


Գերմանիայի ՆԳ նախարարի հայտարարությունը թույլ է տալիս հավաստել, որ Անկարան, ըստ էության, հավատարիմ է մնացել սեփական պարտավորությունների կատարմանը, մինչդեռ նույն թեմայի վերաբերյալ Թուրքիայի իշխող շրջանակների կողմից ԵՄ-ի հասցեին պարբերաբար հնչող քննադատությունները խոսում են այն մասին, որ Բրյուսելի պարտավորությունների մասով սայլը տեղից չի շարժվում: Իսկ վերջինն էլ իր հերթին նշանակում է, որ միգրացիոն խնդիրը շարունակում է հանդիսանալ հավելյալ ազդեցիկ խաղաքարտ Թուրքիայի համար՝ Արևմուտքի հետ ակնկալվող սակարկությունների հարցում:

 


Հ.Գ. Գերմանիայում գաղթականների ներհոսքի նվազման պատճառներից մեկն էլ միգրացիոն ճգնաժամի հետևանքով բալկանյան թերակղզու երկրների կողմից սեփական սահմանների փակումն էր, ինչի հետևանքով էլ դեպի Եվրոպա մերձավորարևելյան տարբեր երկրներից ներգաղթյալների հոսքերի համար որպես միակ գործող ուղի շարունակում է մնալ Միջերկրական ծովով դեպի Իտալիա ուղղությունը:

 

Արմեն Պետրոսյան