Սովետական սոցիալիզմից լիբերալ դեմոկրատական կապիտալիզմի անցման գործընթացի՝ տրանզիցիայի հետևանքները ՀՀ-ում հիմնականում վերլուծվում և մեկնաբանվում են տնտեսական ու քաղաքական հարթություններում իրականացված ինստիտուցիոնալ ու կառուցվածքային բարեփոխումների համատեքստում:
Տրամաբանորեն անցման գործընթացը պետք է ենթադրեր առավել համալիր մոտեցում, քանի որ ակնհայտ էր, որ փոխակերպման անհրաժեշտություն ունեին նաև խորհրդային յոթանասուն տարիների ընթացքում ձևավորված արժեքները, աշխարհայացքը, մշակույթը ու այն առօրեականությունը, որի միջոցով խորհրդայինը այլակերպվելով վերածվեց հետխորհրդայինի' դառնալով անցումը և զարգացումը կաշկանդող գործոն:
Անցումային շրջանի՝ տրանզիցիայի հիմնական հռչակված նպատակը սովետական սոցիալիստական երկրից արևմտյան կապիտալիստական տիպի երկրին անցումն էր, ինչը, կարելի է ասել, ՀՀ-ում այդքան էլ լավ չարտահայտվեց: Գլխավոր պատճառն այն է, որ անցումը չընկալվեց որպես ամբողջական ու համալիր մի գործընթաց, որում հիմնարար դեր ունեն նաև հումանիտար, մշակութային և հասարակական ոլորտների փոխակերպումները:
Հայաստանը հայտնվեց Երրորդ երկրի կարգավիճակի «հետխորհրդային» կոչվող խմբում: Թե ի՞նչ է նշանակում հետխորհրդային, միանշանակ չէ և կան դրա տարբեր մեկնաբանություններ: Սակայն, բոլոր մեկնաբանություններն էլ համամիտ են այն ընդհանուր եզրակացության հետ, ըստ որի' հետխորհրդային են նախկինում ԽՍՀՄ կազմում գտնված, դեպի զարգացած կապիտալիզմ անհաջող տրանզիցիոն գործընթաց ապրած և ՌԴազդեցության գոտում գտնվող այն երկրները, որոնցում հասարակության զարգացումն արգելակող սովետիզմները կաշկանդում են հետգաղութային դիսկուրսի ձևավորումը և անկախացման իրական գործընթացը:
Հետխորհրդային երկրների առանձնահատկությունն այն է, որ ՌԴ-ից կախվածությունն իրացվում է Խորհրդային Ռուսաստանի գաղութային գերակայության շրջանում ձևավորված ֆորմաների ու բովանդակությունների միջոցով: Այսինքն, հետխորհրդային երկրի կարգավիճակից անցումն իրական անկախության, այնպիսի մի գործընթաց է, որ պետք է հանգեցնի ՌԴ գերակայության հաղթահարմանը' սովետական շրջանից ժառանգված գաղութատիրական ֆորմաների ու բովանդակությունների վերացման և դրանց փոխարեն նորերի ձևավորման ճանապարհով:
Դրա համար հարկ է կարևորել ոչ միայն տնտեսական կամ քաղաքական, այլ առաջին հերթին մշակութային անհրաժեշտ ռեսուրսների ձևավորման խնդիրը: Այսինքն, անցման անհաջողության պատճառը հետխորհրդային երկրների հիմնական մասում գործընթացի սխալ ծրագրավորումն էր, ինչում ամենամեծ բացթողումն, իհարկե, մշակութային բաղադրիչի անտեսումն էր:
Արևելյան Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ երկրների համար ունիվերսալ մոդելների ձևավորումը ճիշտ մոտեցում չէր հենց այն պատճառով, որ այս երկու տարբեր խմբերն ունեին մշակութային ու քաղաքակրթական արմատապես տարբեր ռեսուրսներ: Բացառություն էին կազմում մերձբալթյան երկրները, որոնք էլ, ինչպես կյանքը ցույց տվեց, հաջողությամբ ինտեգրվեցին արևմտյան կապիտալիստական աշխարհին' հենց մշակութային նպաստավոր ռեսուրսի հիմքի վրա: Արլ. Եվրոպայի երկրները նույնպես, չնայած սովետական սոցիալիզմի ավելի քան քառասնամյա ազդեցությանը, հիմնականում պահպանել էին իրենց քաղաքակրթական ռեսուրսը:
Ինչպես փորձը ցույց է տալիս, հետսոցիալիստական վիճակի հաղթահարման մեջ առավել հաջողվածները հենց այն երկրներն են (Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, Սլովենիան, Լեհաստանը), որոնք մշակութային առումով ավելի մոտ էին զարգացած կապիտալիզմի փուլում գտնվող Արմ. Եվրոպայի երկրներին, և տնտեսական ու քաղաքական բարեփոխումների բարեհաջողության հիմնական գրավականը դարձավ հենց մշակութային համարժեք միջավայրի առկայությունը:
Արմեն Հովասափյան