Մեզանում վերոնշյալ դիտարկումը աքսիոմատիկ է: Ինչ էլ ուզում է լինել հավանաբար հայ ընտանքիների մեծամասնության մեջ արմատացած է այն պնդումը, որ իրենց զավակը պարտադիր պետք է բարձրագույն կրթություն ստանա: Ու մեծ հաշվով մասնագիտությունը կարևոր էլ չէ:
Սակայն որևէ մեկը իրեն հարց չի տալիս, թե ասենք ինչու՞ դպրոցական կրթությամբ երեխաները պարտադիր պետք է բուհական կրթություն ստանան: Ի՞նչ խնդիր են նրանք լուծելու մեր երկրում ու տնտեսության մեջ... Արդյո՞ք նրանք առհասարակ խնդիր լուծելու բավարար ցանկություն ու անհրաժեշտ բազային հմտություններ, ունակություն ունե՞ն, թէ՝ ոչ:
Մյուս կողմից ո՞րն է ԲՈՒՀ-ական կրթություն ստանալու մոտիվացիան:

 

Որքանո՞վ է ԲՈՒՀ ընդունվել ցանկացողի մոտ խնդիրը որակյալ մասնագետ դառնալը (որը ի դեպ ԲՈՒՀ-ում չեն կարող դառնալ), այն էլ մի երկրում, ուր վերջին մի քանի տասնամյակում առկա է գործազրկության բարձր տոկոս ու բացի ՏՏ ոլորտից, բուհական կրթությամբ մյուս բոլոր ոլորտներում աշխատանքի պահանջարկը շատ փոքր է կամ չկա առհասարակ: Այսինքն հատկապես մասնագիտական աշխատանք գտնելը, շատ բարդ է լինելու ու վերջիվերջո «բարձրագույն ավարտ» զավակը կամ զբաղվելու է իր մասնագիտության հետ բացարձակ կապ չունեցող գործով, կամ՝ աղջկա դեպքում, ամուսնանալու է ու այդ «կրթությունը» իրեն առհասարակ պետք չի գալու, կամ «փրկության է գալու» խոպանը:

 


Այսպես մտածող մարդկանց չեն կանգնեցնում նաև կրթության հետ կապված ֆինանսական դժվարությունները: Հաճախ նրանք պատրաստ են իրենց «ընդունակ» զավակի համար «4+2» կրթական ժամանակահատվածում, վճարելով մի քանի միլիոն, դրա դիմաց ստանալ «0» դրամի հմտություն և մի թղթի կտոր՝ «դիպլոմ», որը մեծ հաշվով այսօր որևէ մեկին այսօր արդեն պետք էլ չէ: Մյուս կողմից՝ նրանք ԲՈՒՀ-երի համար ներդրող են, ումից կրթական հաստատությունները չեն ցանկանում ազատվել:

 


Ստացվում է հերթական իրավիճակը, երբ ձևն ու բովանդակությունը միմյանց հետ որևէ կապ չունեն, ու գերակա է դառնում իհարկե վերջինը:
Սակայն այս պարագայում ամենամեծ խնդիրը այլ է. այդ «ձևը» կյանքի բերումով, հովանավորների կամ ծանոթների ռեսուրսներով հետագայում թափանցում է պետական կառավարչական-չինովնիկական ապարատ ու իր «ստացած» հմտությունների մոտեցումների ու աշխարհընկալումների զորու սկսում մեր՝ «խելացիներիս, պրոֆեսիանալներիս» :) կյանքի, աշխատանքի, կենցաղի ու հեռանկարի համար երբեմն շատ կարևոր որոշումներ կայացնել: Ու արդյունքում ունենում ենք ի՞նչ՝ ճգնաժամեր, տնտեսության ու հասարակության ամենատարբեր ոլորտներում լրջագույն բացթողումներ, աղքատության աճ, անարդյունավետ կառավարման իրավիճակ ու բազմաթիվ դատարկախոսների բանակներ...

 


Ու սա մեր երկրում արդեն տարիներ շարունակ, հավանաբար նաև սովետական տարիներից (իհարկե որոշ վերապահումներով), ձևավորված վիճակ է, որը շատ-շատերի մոտ ընկալվում է որպես նորմալ իրողություն:
Այնպես որ, եթե երկարաժամկետ հեռանկարում իրոք և ոչ թե կոսմետիկ առումով ցանկանում ենք որևէ բան փոխել, պետք է սկսել կրթական ոլորից, մյուս կողմից միաժամանակ գիտակցելով, որ այն էքսպերիմենտների հարթակ չէ ամեն հերթական ու արտահերթ կառավարչի համար:

 

Ալեն Ղևոնդյան