Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Մինսկում ձերբակալության գործում ներգրավվել է Իսրայելի ԱԳՆ-ն, որը դիվանագիտական խողովակներով ակտիվ բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ՝ Արցախ կատարած այցելության արդյունքում բլոգերի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության կողմից քրեական հետապնդման դադարեցման նպատակով։ Իսրայելի ԱԳՆ-ն Մինսկում Իսրայելի դեսպանատան միջոցով աշխատանքներ է իրականացնում նաև գործի հետ կապված մանրամասներին ծանոթանալու և Բելառուսի ղեկավարության հետ բլոգերի ազատարձակման հարցի շուրջ բանակցություններ վարելու ուղղությամբ։


Չնայած Իսրայելի ԱԳՆ ջանքերին հարթելու այս խնդիրը, այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարությունը, Իսրայելի հետ առկա բարձր մակարդակի համագործակցությամբ հանդերձ, շարունակում է աշխատանքներ տանել բլոգերի նկատմամբ քրեական հետապնդման ուղղությամբ։ Չի բացառվում, որ Ադրբեջանի համապատասխան կառույցները պարզապես տեղյակ չեն եղել այն մասին, որ Լապշինը հանդիսանում է Իսրայելի քաղաքացի, այլապես այս հարցը կարող էր լուծվել երկկողմ ետկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում։ Առավելևս, որ Մինսկում բլոգերի ձերբակալությանը մեկ օրվա տարբերությամբ նախորդել էր Ադրբեջան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցելությունը։


Այստեղ շատ կարևոր կլիներ, եթե Արցախի ղեկավարությունը, որը նույնպես հայտնվել է այս գործի կիզակետում, հանդես կար համապատասխան պաշտոնական հայտարարությամբ՝ ի պաշտպանություն իսրայելցի բլոգերի շահերի ու ի պահանջ նրա ազատարձակման։ Սա կարող է լավ նախադեպ ձևավորել Իսրայելի ու Արցախի հասարակական-քաղաքական շրջանակների միջև վստահության մթնոլորտի և հետագայում ինչու չէ նաև կապերի ձևավորման հարցում։ Մյուս կողմից, այս քայլով արցախյան կողմը կկոտրի Իսրայել-Ադրբեջան համագործակցության ֆոնի ներքո Արցախի նկատմամբ ձևավորված Իսրայելի հասարակական-քաղաքական դաշտում առկա կարծրատիպերը և դրական իմիջ կձևավորի Իսրայելի համապատասխան շրջանակներում։

 

Կարեն Վերանյան