Մենք միշտ էլ սիրել ենք ու հպարտացել սփյուռքով, Սփյուռքի մեր հայրենակիցներով:
Սփյուռքը միշտ էլ օգնել է Հայրենիքին, միշտ եղել հայրենակիցների կողքին՝ նույնիսկ Խորհրդային Միության տարիներին, երկրորդ համաշխարհայինի ժամանակ:

 


Հպարտացել ենք, հիացել Սփյուռքի մեր նվիրյալ ազգային գործիչներով, բարերարներով, տաղանդաշատ, հայտնի մարդկանցով՝ Ազնավուրով, Անրի Վերնոյով, Մամուլյանով, Գառզույով, Վահե Քաչայով, Ալան Հովհաննեսով, Գյուլբենկյանով, Քրքորյանով, մյուսներով…Նրանք շատ են, շատ-շատ և միշտ էլ հպարտացել են Հայաստանով, միշտ բարձր պահել հայի անունն ու հպարտացել իրենց հայ լինելով: Սակայն, նրանք երբեք չեն փորձել միջամտել Հայրենիքի ներքին կյանքին, փորձել դասեր տալ հայաստանցիներին, միջամտել քաղաքական գործընթացներին, հովանավորել և կանգնել ակնհայտ հանցագործություն կատարած ինչ-որ խմբավորումների կողքին: Առավել ևս փորձել իրենց գործողություններով սեպ խրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:

 


Այո՛, մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ, ընդհանրական շատ շահերով, խնդիրներով և նպատակներով, սակայն անընդունելի է Սփյուռքի որոշ ներկայացուցիչների փորձը թելադրել ՀՀ քաղաքացուն, միջամտել ընտրական գործընթացներին, սովորեցնել մեզ թե ում ընտրենք, ինչպես ընտրենք և առավել ևս ընտրական <<դասընթացներ>> անցկացնել:

 


Մտածու՞մ եք մեր մասին, շատ լավ, բարձր պահեք հայի անունը, փրկեք Սփյուռքն ուծացումից, վերադարձեք ապրեք Հայրենիքում, սերտացրեք Հայաստանի հետ կապերն ու օգնությունը, օգտագործեք ձեր երկրների հնարավորությունները, սակայն մի սովորեցրեք, թե ես որպես ՀՀ քաղաքացի ինչ անեմ, ինչպես օգտվեմ իմ իրավունքներից ու պարտականություններից…
Վերադարձեք Հայաստան, ապրեք մեզ հետ, մեր կյանքով, մեր հոգսերով և այդ դեպքում լիարժեք մասնակցեք մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման, մեր երկրի զարգացման, քաղաքական կյանքի բարելավման գործընթացներին: Կպայքարենք միասին, ձեռք-ձեռքի տված, կստեղծենք հզոր պետություն, սակայն որպես <<զբոսաշրջիկ ակտիվիստ>>' ոչ…

 

Ռոբերտ Մելքոնյան