Ես կողմ եմ դեմոկրատիային: Ոչ որպես արժեք, այլ որպես պետության կառավարման ու հավաքական պատասխանատվության իրականացման առավել մրցունակ, փոխադարձ հակակշռելի ու արդյունավետ միջոց: Պարզ է, որ դեմոկրատիան ոչ բոլոր ռեգիոններւմ, ոչ բոլոր քաղաքակրթական հարթակներում, պետություններում ու հանրույթներում է արդյունավետ: Ավելին՝ երբեմն այն ավելի շատ վտանգավոր է, քան բռնապետւթյունը: Այսօր աշխարհի տարբեր հատվածներում ունենք դրա վառ ու հիմնավոր տարբեր օրինակներ:

 

Դեմոկրատիայի հիմքում մարդու/քաղաքացու սոցիալական ու քաղաքացիական իրավունքներն են ու նրանց մեջ իշխանության ձևավորմանն, իշխանություն ԸՆՏՐԵԼՈՒ կարևոր իրավունքը: Այսինքն քաղաքացին պետք է բավարար գրագետ, գիտակից ու կայացած լինի, որ այդ ամենի զորու կարողանա գնալ ընտրել իր համար վստահելի ու պրոֆեսիոնալ կառավարիչ: Սա՝ մի կողմից, արդար է, մյուս կողմից իր մեջ ունի բազմաթիվ ռիսկեր՝ մասնավորպես. արդյո՞ք քաղաքացին բավարար գիտակ է, բավարար ռացիոնալ, բավարար գրագետ է քաղաքական առումով, որ կարողանա այնպիսի ընտրություն կատարել, որի հետևանքները չլինեն ճակատագրական իր և մյուսների համար: Իհարկե՝ ոչ: Գոնե մեր երկրում ունենք նման բազմաթիվ փաստեր: Չեմ կարծում, թե մեր նման շատ այլ երկրներում իրավիճակը ավելի վատ է: Ինչևէ...

 

«Ոչ գիտակից քաղաքացու» խնդիրը հատկապես անցումային ու ինստիտուցիոնալ կայացավածության օրակարգ ունեցող երկրներում առանձնահատուկ սուր է դրված: Եթե եվրոպական երկրներում, ուր պետական համակարգի կայացվածության զորու ամեն ղեկավարի պարագայում էլ պետությունը կարող է արդյունավետ ու անվտանգ աշխատել, մեզ մոտ իրավիճակն այլ է: «Ոչ գիտակից ընտրություն» կատարած մարդկանց օրինական քայերի արդյունքը մնացյալի ու հատկապես պետության հեռանկարի տեսանկյունից կարող է լրջագույն մարտահրավեր հանդիսանալ: Օրենքի ու իրավունքի տեսանկյունից պարզ է, որ ոչինչ չենք կարող անել:

 

Այսինքն, եթե առավել սթափ մոտենանք հարցին, ապա դեմոկրատիան կարևոր է ու արդյունավետ միայն այն երկրներում, ուր կա գիտակից, կայացած քաղաքացու ինստիտուտը, ուր քաղաքացիական հասարակությունը արդյունավետ է: Մնացյալ դեպքերում այն նույնքան վտանգավոր է ու կարող է հանգեցնել մեծագույն բարդությունների ու խնդիրների, որքան բռնապետությունը:
Մի խոսքով՝ դեմոկրատիան էլ մի բան չի, չդեմոկրատիան էլ....

 

Ալեն Ղևոնդյան