Ես միշտ հիացել եմ Mercedes և BMW ֆիրմաների մրցակցությամբ և դրա արանքում միմիանց հանդեպ ունեցած հարգանքով: Եվ երբ BMW-ի 100 ամյակին Mercedes -ը քաղաքում և համացանցում տարածեց շնորհավորական գրություն, որի վրա գրված էր՝ Շնորհակալություն 100 տարվա մրցակցության համար, իմ հիացմունքը կրկնապատկվեց այդ ընկերությունների հանդեպ:

Հայաստանում բիզնես-հարգանքը շատ ցածր է, ավելին ասեմ՝ նման բան գոյություն չունի: Այստեղ բիզնես սկսելու համար մինչև գումար գտնելը նախ պետք է ճշտես,թե ներկայումս ով է նման կամ մոտավոր այդպիսի գործ անում,ճշտես, հասկանաս, հնարավոր է կյանքիդ վտանգ սպառնա կամ գլխիդ սարքեն:

Խնդիրը նրանում է, որ մենք մոնոպոլիա սիրող ազգ ենք: Ամեն քռչ ու փալաս վաճառող կամ ներմուծող չգիտես ինչու վստահ է, որ միայն ինքը կարող է նման բան բերի կամ վաճառի: Եթե փորձես մրցակցես հետը մինիմում, իր ապրանքը թողած, ամեն տեղ քո ապրանքը կվատաբանի, միջինում հարկայինում անանուն բողոք կգրի վրադ իսկ ավելի զարգացածները կկանչեն իրանց գրասենյակ ու բոլոր հնարավոր ու անհնարին անուններով կվախեցնեն, որ հեռու մնաս այդ գործից:

Օրեկան շփվում եմ տարբեր բնագավառի գործարարների հետ՝ ապրանքներ ներմուծողների, վաճառողների, արտադրությամբ զբաղվողների, նրանցից բոլորը, անկախ իրենց շրջանառության չափերից, կանգնած են այս խնդրի առաջ: Մի անգամ ծանոթ ներմուծողներից մեկը խորհուրդի կարգով հարցրեց՝ էսինչ ապրանքից կարամ շատ էժան գնով բերեմ, բայց վախում եմ չթողեն ծախեմ կամ գան հետևիցս: Ու այնպիսի վիճակ է ստեղծվել, որ մարդուն չես էլ իմանում ինչ խորհուրդ տաս:

 

 

 

 

Աշոտ Ասատրյան