Նարնջենի քաղցրի սպիտակ ծաղիկներն Արևելքում համարվել են' սիրո, իսկ Հունաստանում' Դիանա աստվածուհու խորհրդանիշը։ Իսլամում նարնջենու ծաղիկը համարվել է պտղաբերության խորհրդանիշ, այն հյուսել են հարսնացուների մազերին և զարդարել հագուստը։

 


200 մլ նարնջի հյութը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ մոլիբդենի 1-օրյա պահանջարկի 22,6 տոկոսը, սելենի և պղնձի' 16-ական %-ը, կալիումի' 15,2, մագնիումի' 5,8 երկաթի' 5, ֆոսֆորի' 4,1, քրոմի' 4, մարգանեցի' 3,8, կալցիումի' 2,1, ցինկի' 1,7 յոդի' 1,3, վիտամիններ C' 111, ֆոլիաթթու'11, B6' 10%, B1' 9%, K' 6,3%, պանտոտենաթթու և բիոտին' 5,6-ական %, B2' 4,6 %, E' 4,3%, նիացին' 3,5 %, բետա-կարոտին-1,8%։
Պտղամսում կան 6-8 տոկոս (քաղցր տեսակներում' 15 տոկոս) շաքարներ, 1-2 տոկոս կիտրոնաթթու, գլիկոզիդ նարինգին, ֆիտոնցիդներ, եթերային յուղեր, ներկանյութեր, ինոզիտ և ռուտին։
Պտղակեղևի սպիտակ շերտում կան շաքարներ, փոքր քանակությամբ թթուներ, եթերային յուղ, զգալի քանակությամբ պեկտինային միացություններ։

 


Կարևոր է իմանալ, որ պահպանման ժամկետն ավելացնելու նպատակով պտղի արտաքին (դեղնանարնջագույն, իսկ երբեմն' կարմիր, շերտը մշակում են մոմով և կոնսերվանտներով. այդ շերտն անհրաժեշտ է հեռացնել։
Նարնջի կեղևն ունի առնվազն 3 օգտակար հատկություններ. Կարգավորում է խոլեստերինի մակարդակն օրգանիզմում և հեռացնում է վնասակար նյութերը,
Ճնշում է աղիքային որդերի և պաթոգեն (ոչ օգտակար) միկրոօրգանիզմների կենսունակությունը,
Կեղևում պարունակվող շաքարները (արտաքին շերտի տակ) խթանում են ուղեղի աշխատանքը և ամրացնում են հիշողությունը։

 


Կեղևում պարունակվող մեծաքանակ ֆիտոնցիդները մաքրում են օդը մանրէներից։
Նարնջի հյութը կարգավորում է ճարպերի փոխանակությունը, նվազեցնում է ցածր խտություն ունեցող ճարպասպիտակուցների (վատ խոլեստերինի) մակարդակն արյան մեջ, կարգավորում է մարսողությունը, ունի նիհարեցնող հատկություն։ Ըստ իտալացի գիտնականների' կարմիր պտղամիս ունցող նարինջը կանխարգելում է գիրությունը և ուռուցքների առաջացման հավանականությունը։ Հյութը քամելուց առաջ նարինջը 10-15 րոպե պահեք գոլ ջրի մեջ։

 


Նարնջից ստացվում է եթերային յուղ, որը վաճառվում է դեղատներում։ Օգտագործվում է արոմաթերապիայում' հորմոնալ խանգարումների, հիպերտոնիայի, դեպրեսիայի, լեղաքարային հիվանդության, փորկապության, դիսբակտերիոզի, դաշտանադադարի, սրտի աշխատանքի խանգարումների դեպքում։ Նարնջի եթերային յուղը վերականգնում է մաշկի առաձգականությունը, պաշտպանում է անքնությունից, հանգստացնում է նյարդային համակարգը։

 


Բուրավետ յուղերով բուժման արվեստն ունի հնագույն պատմություն, առանձնահատկություններ և հակացուցումներ, այդ իսկ պատճառով պետք է խորհրդակցել մասնագետի հետ։
Հակացուցումներ։ Անհատական անընկալունակություն, սրտի իշեմիկ հիվանդություն, թրոմբոֆլեբիտ, ընկնավորություն, շաքարային դիաբետ, ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում' գաստրիտ, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոց, խոլեցիստիտ, հեպատիտներ, սուր նեֆրիտ։
Կա կարծիք, որ նարնջի թարմ հյութը հավանաբար նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը։

 


ԱՄՆ-ում նկատվում է այդ հիվանդությամբ տառապողների քանակի նվազում' տարեկան մոտ 1 տոկոսով։ Օրինաչափությունը բացատրվում է այն հանգամանքով, որ վերջին 40-50 տարիներին երկրում զգալիորեն աճել են սպառվող նարնջի հյութի ծավալները։
Մի այլ հետազոտությամբ պարզվել է, որ նարնջի թարմ հյութը չեզոքացնում է նիտրատների ազդեցությունը' թույլ չի տալիս, որ դրանք վերածվեն ուռուցքածին նյութերի։