Տնտեսական «դրայվի» համար անհրաժեշտ է շտկել դեմոգրաֆիկ աղետը

Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին արձանագրված ժողովրդագրական պատկերը: Հայաստանում նվազել են ծնելիության և մահացության ցուցանիշները' ծնունդների թիվը տասը ամսվա ընթացքում կազմել է 29.914 և 2,3 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ, իսկ մահացության ցուցանիշը կազմել է 20.427 մարդ, նվազել է 2,5 տոկոսով:

 

Հայաստանը համարվում է ծերացող երկիր, քանի որ ՀՀ բնակչության մեջ ավելանում են կենսաթոշակային տարիքի մարդիկ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների' եթե հասարակության մեջ ծերերի թիվն անցնում է ընդհանուր բնակչության 7 տոկոսը, երկիրը ծերացող է, իսկ մեզ մոտ ծերերի թիվը բնակչության 10,9 տոկոսն է:
Փաստացի՝ պատերազմի մեջ գտնվող ու ղարաբաղյան չլուծված խնդիր ունեցող ՀՀ-ում ժողովրդագրությունը պետք է լինի ազգային անվտանգության թիվ մեկ խնդիրը՝ նորագույն զենքերով բանակը համալրելու ու երկրի տնտեսական աճն ապահովելու հետ միասին:

 

ՀՀ-ն կանգնած է ժողովրդագրական աղետի առջև. դեպոլուլյացիայի երևույթները ակնառու են, արտագաղթի այսօրվա տեմպերի պահպանման պարագայում զինված ուժերը կանգնելու են համալրման լրջագույն խնդրի առջև, տնտեսությունը զգալու է երիտասարդ կադրերի կարիք, որոշ ոլորտներ ուղղակի կարող են կանգնել կադրային սովի առջև, իսկ հասարակության սեռա-տարիքային համամասնությունը կարող է հասնել այնպիսի բացասական հարաբերակցության, երբ երկրում մնացած տարեցներին, թոշակառուներին աջակցելու հույսը լինելու են արտասահմանում՝ ՌԴ-ում գտնվող զավակները, քանի որ պետության տրամադրվող նպաստն ու թոշակը չեն բավականացնելու անգամ ֆիզիկական գոյությունը պահպանելու համար:

 

Պետբյուջեն համալրվում է հարկերից, որոնք վճարում են աշխատունակները, որոնք մեծ տեմպերով արտագաղթում են: Գյուղերի բնակչության ճնշող մեծամասնությունը թոշակառուներ են։ Այս տարվա սեպտեմբերի մեկը հատկապես մարզերում ցույց տվեց, թե ինչ վիճակում է ՀՀ-ի ժողովրդագրությունը: Արտագաղթն ու ցածր ծնելիությունը՝ սոցիալ-տնտեսական և այլ պատճառներով, ինչի են վերածել մարզային ու գյուղական բնակավայրերը դեմոգրաֆիկ դեմքը: Սա նկատում են նաև ՀՀ-ի թշնամի երկրները, նրանց հետախուզությունները՝ դրանից բխող ավելի անսանձ գործողություններով առաջնագծում ու ՀՀ պետական սահմաններին:

 

Ժողովրդագրությունն անհնար է շտկել կոսմետիկ մեթոդներով։ Ժողովրդագրության նախարարության ստեղծումը դարձել է օրակարգային հարց, եթե չենք ուզում ժողովրդագրական լեքսիկոնում տեսնել նոր «Армянский крест» հասկացությունը: Հիշեցնենք, թե ինչ է նշանակում «Русский крест» հասկացությունը, որն օգտագործում են ժողովրդագիրները ՌԴ-ի ժողովրդագրական պատկերը ներկայացնելու համար: «Русский крест» (когда графически кривая рождаемости пересекается с кривой смертности населения). եթե ՌԴ-ում ժողովրդագրության վրա ազդում են ցածր ծնելիության մակարդակը, ապահարզանների մեծ թիվը, մահացության մեծ տոկոսը՝ ալկոհոլիզմի, թմրանյութերի օգտագործումից, ՄԻԱՎ, ՁԻԱՀ, աբորտների թվից և այլն: ՀՀ-ում ծնելիության վրա ազդում են սոցիալ-տնտեսական գործոնները, ինչպես նաև մեծ արտագաղթը: Ամուսնուլուծությունների թիվը վերջին տարիներին աճ է արձանագրել, իսկ ընտանիք կազմելու, ամուսնանալու տարիքը ավելացել է՝ եվրոպական չափանիշներին հասնելով, ինչը կարելի է ասել նաև մեկ կամ երկու երեխա ունենալու տենդենցով, որը շատ դեպքերում չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրությունը:

 

ՀՀ-ն Եվրոպա չէ ու չի կարող իրեն թույլ տալ դասվել ծերացող (տողատակով հասկացվում է վերացող) ազգերի շարքին, դրա համար պետք է մշակել հստակ ռազմավարություն, կենացներից անցնել ռեալ գործողությունների: Բնակարանային հարցը՝ զրո տոկոսադրույքով երկարաժամկետ վարկեր նորաստեղծ ընտանիքներին, յուրաքանչյուր երեխայի ծնունդից հետո զգալի ֆինանսական աջակցություն, երկրորդ և երրորդ երեխաների ծնվելուց հետո նոր բնակարանի տրամադրում կամ դրան համարժեք դրամի տրամադրում:
Բազմազավակ ընտանիքներին տներով ապահովում, մարզերում ու գյուղերում յուրաքանչյուր երեխայի ծնվելը պետք է խրախուսվի կա՛մ ֆինանսապես, կա՛մ հողատարածք տրամադրելով՝ հնարավոր է բանկերում վարկերի մարումով և այլն:

 

Արտեմ Բալասանով