Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով Հայաստանում իր հանրահայտությամբ գերազանցում է գրականության ոլորտում այս տարի Նոբելյան մրցանակի արժանացած կրկին ամերիկացի Բոբ Դիլանին, հայտարարել է, թե ԼՂ հակամարտության կողմերը մեկ մյուսին չպետք է մեղադրեն: Դե, ենթադրենք, ադրբեջանցիները խախտում են հրադադարի ռեժիմը, մենք չպետք է մեղադրենք նրանց ու պետք է լուռ տեղներս նստենք:

 


Մյուս կողմից, ինչպես դեռ կնշեն որոշ հայ քաղաքագետներ, Ուորլիքի այս հայտարարությունը շառաչյուն ապտակ է Ադրբեջանին, քանի որ բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանն է Հայաստանին մեղադրում եւ փաստորեն Ուորլիքը հենց Ադրբեջանին է հասցեագրում իր հայտարարությունը: Ինչեւէ: Չմանրանանք՝ հայ քաղաքագետների՝ առանց այդ էլ մանր դաշտում: Զուգահեռաբար Ուորլիքի հայրենիքում՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քարոզարշավի ակտիվ շրջան է: Այդ շրջանակներում նախագահ Օբաման այսօր հայտարարել է, որ Թրամփին ինքը լուրջ չի վերաբերվում, ըստ Օբամայի՝ Թրամփն անլուրջ մարդ է եւ ԱՄՆ-ը չպետք է սխալվի՝ թույլ տալով, որ երկիրը ներկայացնի նման անլուրջ մարդը:

 

Հիշեցնեմ, որ ավելի վաղ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, հանրապետական Առնոլդ Շվարցենեգրը, որը հայտնի է՝ Տերմինատոր կեղծանունով/ԱՄՆ-ում է՞լ հանրապետականները կեղծանուն ունեն/, ասել էր, որ չնայած ինքը հանրապետական է, ինչպես եւ Թրամփն է հանրապետական, բայց գալիք ընտրություններում ամերիկացիները պետք է մտածեն Ամերիկայի մասին: Չմոռանանք նաեւ Թրամփ-Քլինթոն արյունոտ բանավեճերը, որտեղ ոչ Թրամփն է՝ հաշվի առնում, որ դիմացն ի վերջո կին է, տիկին Հիլարիին գոտկատեղից ներքեւ հարվածներ հասցնելով, ոչ էլ տիկին Հիլարին է հաշվի առնում, որ երեխաներ էլ են իրենց դիտում, քանի որ Թրամփին համարժեք պատասխանում է: Մի խոսքով, եթե ես ամերիկացի լրագրող լինեին, ապա ամերիկյան ընտրությունների մասին մի հոդված կգրեի՝ հետեւյալ վերնագրով՝ «Կողմերը պետք է միմյանց չմեղադրեն»: Ապա կավելացնեի, որ Ամերիկան՝ ամբողջ աշխարհի ոչ ժողովրդավարական երկրներում այնքան ժողովրդավարության դաս տվեց, որ փոխարենը նրանք ժողովրդավարական դառնային, ինքը՝ վարակվեց հակաժողովրդավարությամբ:

 

Կհիշեցնեի, որ ժողովրդավարությունը, ազատ ընտրությունները, քաղաքակիրթ բանավեճը ոչ թե միմյանց քլնգելն է, ինչով բառիս բուն իմաստով այս օրերին զբաղված են տիկին Հիլարին եւ պարոն Դոնալդը, այլեւ թեմատիկ բանավեճեր ունենալն է, որտեղ թեկնածուներից ոչ մեկը չի անցնում անձնականի սահմանը, կարեւորելով եւ ընդգծելով, որ ինքը հարգում է յուրաքանչյուր մարդու՝ այդ թվում իր քաղաքական հակառակորդի անձնական կյանքի իրավունքն ու դրա սահմանները: Անպայման կգրեի այդ հոդվածը, եթե ամերիկացի լրագրող լինեի, իսկ քանի որ ամերիկացի չեմ, պարզապես խորհուրդ կտամ պարոն Ջեյմս Ուորլիքին իր այս հայտարարություններով միջնորդել Քլիթոնի եւ Թրամփի միջեւ, Ռուսաստանի եւ իր հարազատ՝ ԱՄՆ-ի միջեւ, կոնկրետ՝ Սիրիայի հարցով, գուցե այդ կողմերը նրան լսեն եւ միմյանց չմեղադրե՞ն:

 


Իսկ մե՞նք, մենք պարզապես տեսնում ենք, որ Ռուսաստանն ու Ամերիկան իրար մեղադրում են, մենք էլ ինչ, փոքր պետություններ ենք, ինչ տեսնում ենք՝ սովորում ենք: Ինչպես Ամերիկայում են նախագահի թեկնածուները տեսել, թե ինչպես են փոքր պետութուններում անցնում քարոզարշավներն ու սովորել են:
Հա, պարոն Ուոլիք, իսկ միմյանց չմեղադրելը ինչպե՞ս պետք է լինի՝ փուլայի՞ն տարբերակով, այսինքն աստիճանաբա՞ր, կամաց-կամա՞ց, թե՞ փաթեթային տարբերակով, այսինքն՝ ամբողջը եւ միանգամից...

 

Հովիկ Աֆյան