Երեկ մի բան կատարվեց ու ես ամբողջ գիշեր չկարողացա քնել: Շատ է պատահել, որ ինչ-ինչ պատճառներով չեմ քնել, բայց այս անգամ հոգիս չէր ցանկանում քնել: Այն ցանկանում էր մտածել, մարդկանց մասին հետազոտություններ անել: Երևի գիշերվա լռությունն ու խաղաղությունը միաձուլվելով մթության հետ տակնուվրա էին անում հոգիս: Երեկ երեկոյան ես քայլում էի մեր տանից դպրոց տանող ճանապարհով, որը անցնում եմ գրեթե ամեն օր: Այն միշտ խաղաղ է եղել, ինչպես մի պարզ լիճ: Երեկ նույնպես խաղաղ էր, բայց մթագնեց ինձ համար մի ակնթարթում: Դիմացովս մի ծերուկ և նրա կինն էին քայլում: Ես շտապում էի, իսկ նրանց ձեռքին ծանր տոպրակներ էին: Նման դեպքերում ես միշտ օգնությունս եմ առաջարկում նրանց, բայց երեկ ես շատ էի շտապում ու որոշեցի այս անգամ չօգնել…
Դիմացովս կայլող ծերուկը մի ակնթարթում տապալվեց գետնին: Ես շոկի մեջ էի, չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Մի պահ թվաց, թե կորցրեցի մտածելու կարողությունս, իսկ սիրտս սկսեց արագ բաբախել. այնպես արագ, որ ինձ թվաց թե հիմա կջարդի կրծքավանդակս ու դուրս կթռնի այնտեղից: Ես մի պահ մտածեցի, թե ծերուկը մահացավ, մահացավ ուղիղ իմ դիմաց: Երկու թե երեք վայրկյան կանգնել ու քարացել էի… Այ քեզ բան, նա ուղակի սայթաքեց և ընկավ, ուրիշ ոչինչ:
Երբ նկատեցի, որ նա ողջ է, շտապեցի օգնության: Նրան բարձրացրի գետնից, հարցրեցի ինչպես է զգում իրեն և համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, գնացի իմ ճանապարհով: Իհարկե ծերուկը շնորհակալություն հայտնեց, բայց ինձ դա չէր, որ այդ պահին հուզում էր: Ես գնացի, բայց հասցրեցի նկատել մարդկանց, ովքեր ծիծաղում էին: Նրանք անսիրտ հրեշ թվացին ինձ, երբ ծիծաղեցին ծերուկի վրա, իսկ ես ինձ մեղադրեցի նրանում, որ ավելի շուտ օգնությունս չառաջարկեցի նրան: Ամբողջ օրը, հետո նաև գիշերը, ես այդ ակնթարթների մասին էի մտածում ու հասկացա, որ ապրում եմ մի ժամանակում, երբ ավելի շատ մարդանման էակներ են ապրում, քան մարդիկ: Մարդիկ հազվադեպ են հանդիպում, բայց փառք Աստծո, որ հանդիպում են:

 

Արամ Սարգսյան