Վերջերս անընդհատ աչքովս ընկնում է, որ այս կամ այն պաշտոնյային ներկայացնելու ու իբր իր ուրույն << պրոֆեսիոնալիզմը >> ընդգծելու համար նշում են, որ ինքը այսինչ այնինչի փեսան է: Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի փեսան կազատվի պաշտոնից կամ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության փոխնախարարը վարչապետի փեսան է և այլն:

 

Ու եթե սահմանափակվենք այս խոսակցությունների ներհասարակական բնույթով ինչ-որ առումով հասկանալի կլինի, բայց երբ այսպիսի վերնագրերով <<լուրջ >> քաղաքական վերլուծությունների ես հանդիպում մամուլում՝ դու հասկանում ես, որ մեր քաղաքական դաշտում անդեմությունն այն աստիճանի է հասել, որ քաղաքական պաշտոնյային բարեկամով ճանաչելը ոչ միայն օրինաչափ է դարձել, այլ նաև նույնիսկ ավելի ընդունելի ու ընկալելի: Այնքան քիչ են իրենց իսկ գործով, տեսակով ու խարիզմայով տպավորող քաղաքական գործիչներն ու այնքան անօգուտ իրենց պաշտոնավարման տարիները, որ ինտրիգ կամ հետաքրքրություն առաջացնելու համար սկսում ենք փնտրել, թե այս մեկը ում փեսան կլինի: Ու փնտրելը հասկացանք, բայց ախր միշտ գտնում ենք: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր քաղաքական գործիչները բոլորը աղջիկների հայրեր են, որովհետև չկա մի պաշտոնյա, որ ինչ -որ մի պաշտոնավարողի աները չլինի:

 

Մի օր չենք լսի, թե այսինչ պաշտոնյան այնինչ ղեկավարի հարսն է, բայց փեսաների գենետիկական պակաս երբեք չենք ունենում: Ու սա իրականում շատ մտահոգիչ է, որովհետև բավական չէ, որ մեզ մոտ <<էլիտայի>> փակ շրջանառություն է տեղի ունենում, այդ << էլիտան>> նաև այնքան անգույն է, որ իրեն ասոցացնում ես իր աթոռի կամ ինչ-որ այլ պաշտոնյայի <<փեսայության>> հետ: Չեմ զարմանա, եթե որոշ ժամանակ անց ինչ-որ մի պաշտոնյայի հիշելու համար ասենք՝ <<Դե էն սև կաշվից բազկաթոռին բազմածը>> կամ << էն փայտե, քանդակներով աթոռին փռվածը>>:

 

Երևի թե մեր երկրում գնալով պակասում են քաղաքական հստակ դիմագիծ ունեցող գործիչները ու առհասարակ մի տեսակ գժվեցնող է ՝Արմենիան միացնում ես <<Տնփեսա>>, գնում ես հյուր զոքանչը սկսում է աղջկան ամեն ձև << պահող >> փեսայից պատմել, սկսում ես քաղաքական նորություններին ծանոթանալ, պարզվում է, որ մեր երկրում քաղաքական դաշտը փեսա-աներ փակ բաժնետիրական ընկերության է վերածվել: Ասում եմ, բա Նունեն ո՞նց է, Նունեն....

 

Անիկ Մարգարյան