Գաղտնիք չէ, որ ադրբեջանական մամուլը խուսափում է լուսաբանել ներհայաստանյան յուրաքանչյուր դրական զարգացում և իրողություն, ինչի պատճառով ադրբեջանական հասարակության մի մասը ուղղակի անտեղյակ է իր համար հռչակված «թիվ 1 թշնամուց»։
ՀՀ կառավարության նոր ծրագրի մասին ադրբեջանական մամուլում (հատկապես ադրբեջանալեզու) գրեթե անդրադարձներ չկան։ Իսկ առկա մեկ-երկու հոդվածներն էլ շատ հեռու են լուրջ հրապարակում հարմարվելուց։

 


Հետաքրքիր է, որ մեզ համար այնպիսի սովորական երևույթները ինչպիսինք են, օրինակ՝ կառավարության ծրագիր, Ազգային ժողովում ընդդիմության քննադատություն, առաջարկներ և այլն խորթ են ադրբեջանցիների համար։
Պատճառները մի քանիսն են. առաջին հերթին ավտորիտար վարչակարգի առկայությունը, ընդդիմադիր կենսունակ դաշտի, անկախ մամուլի բացակայությունը և այլն։

 


Կառավարության ծրագրում հատկապես ուշագրավ են պաշտպանության ոլորտի վերաբերյալ կետերը, որոնց իրագործումը կբերի ազգ-բանակ կապի ամրապնդմանը և զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։
Նորություն ասած չեմ լինի, եթե պնդեմ, որ Ղարաբաղյան հարցի լուծումը տնտեսապես անկախ, զարգացած ու հզոր բանակով երկիր ունենալու մեջ է։

 

Աշոտ Մովսիսյան