Աստիճանաբար ավելի շատ է խոսվում սերնդափոխության անհրաժեշտության և հատկապես քաղաքական դաշտի սերնդափոխության մասին: Իրականում, սերնդափոխությունը միայն մարդկանց մի խումբը մեկ այլ խմբով մեխանիկորեն փոխարինել չէ: Սա շատ ավելի խորքային և բազմակողմ գործընթաց է, որ պահանջում է լուրջ և հետևողական մոտեցում լուրջ և հետևողական մարդկանց կողմից: Այս գործընթացում, շատ կարևոր դերակատարություն ունեն սկզբունքայնությունը, նոր գաղափարներ և մոտեցումներ առաջարկել, ինչպես նաև՝ նոր լուծումներ գեներացնելը, որոնք կարող են որակական փոփոխութուն բերել քաղաքական դաշտ:


Հայաստանյան իշխող քաղաքական վերնախավին բնորոշ է “փակ շրջանառությունը ”կամ “փղոսկրե աշտարակում” մնալը, այսինքն, ներքին ռեսուրսների հաշվին վերարտադրվելը: Այն իր ձեռքում կենտրոնացրել է իշխանության հիմնական լծակները, իսկ “աշտարակի”, այսինքն՝ վերնախավի ներսում իրականացվող յուրաքանչյուր փոփոխություն կամ համալրում միտված է միայն իրենց դիրքերի ամրապնդմանը, ընդարձակմանը և հավերժացմանը: Իշխանական թևում ձևավորված “նոր սերունդն”, ովքեր, ըստ էության, պետք է հանդիսանային սերնդափոխության հաջորդ ներկայացուցիչները, կրում են “հին սերնդի” ազդեցությունը և մոտեցումներով, գաղափարներով չեն տարբերվում իրարից:


Տվյալ “նոր սերունդը” պարզապես հնի շարունակություն է, որը նույնպես չի կարող այլընտրանք հանդիսանալ: Այս ճանապարհն անհեռանկարային և փակուղային է ոչ միայն հենց վերնախավի, այլև՝ ողջ հասարակության համար:


Քաղաքական վերնախավի գլխավոր խնդիրներից է նաև արդյունավետության շատ ցածր աստիճանը, որը տարածվում է նաև ընդդիմության վրա: Քաղաքական մի շարք ուժեր պարզապես սպառել են իրենց և չեն կարողանում համընթաց շարժվել արագ փոփոխվող աշխարհի հետ և ավելի ուժգնացող պահանջների հետ: Խոսքը և՜ քաղաքական, և՜ տնտեսական, և՜ մնացած այլ բնագավառների մասին է:


Այս ամենից զատ, մեր քաղաքական դաշտի գլխավոր թերություններից մեկը պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է: Եվ ամենաշատը նոր սերնդից հենց դա է պահանջվում:


Քաղաքական սերնդափոխության հարցը վաղուց հասունացած և արդեն հրամայականի վերածված անհրաժեշտություն է: Իսկ ինչպե՞ս պետք է լինի սերնդափոխությունը:
Նոր սերնդի ի հայտ գալը “հրավերով” չի լինելու: 1988 թվականի շարժման սերնդի ներկայացուցիչները երիտասարդներ էին և ամբողջովին չէին կրում սովետական համակարգի հետքը իրենց վրա, որի շնորհիվ էլ էական փոփոխություններ տեղ ունեցան Հայաստանում: Նրանց պայքարը նախապես կազմակերպված չէր, այն ինքնաբուխ բնույթ էր կրում: Բայց նույն այդ շարժման սերնդի հետագա ճակատագիրը այդքան էլ լավ չդասավորվեց: Արցախյան պատերազմը, տնտեսական ճգնաժամը, իշխանական բռնազավթումները թուլացրեցին հավատը սեփական ուժերի նկատմամբ, որի պատճառով էլ նրանք չկարողացան հետագայում նույնպես իրենց որոշիչ դերակատարումը ունենալ քաղաքական գործընթացներում:
Այժմ նոր սերնդի ի հայտ գալու ժամանակն է:

 

Հիմա էլ կան ակտիվ, ավյունով լի, կարծրատիպերին դեմ գնացող, ոչ ստանդարտ մտածելակերպով, պրոֆեսիոնալիզմով առանձնացող երիտասարդներ, ովքեր, ինչպես շարժման սերունդը, կարող են իրենց դրական ներդրումը ունենալ հայկական քաղաքական կյանքում և դառնալ սերնդափոխության հաջորդ ներկայացուցիչները: Բայց ինչքանո՞վ է նրանց դերը կարևորվում ու արդյոք նրանց տրվում է հնարավորություն ինքնարտահայտվելու: Նորից, ինչպես շարժման սերնդի դեպքում, առաջանում է կորսվելու և իշխող վերնախավի ձեռքում խաղալիք դառնալու վտանգը: Այս դեպքում հենց նոր սերունդը պետք է նախաձեռնությունը իր ձեռքը վերցնի և չհամագործակցելով հին սերնդի վերնախավի և այդ հին սերնդի շարունակություն հանդիսացող “նոր սերնդի” հետ, ինքնուրույն գործելով կերտի այն երկիրը, որին այսքան փափագում է:

 

Արմինե Գևորգյան