Ադրբեջանը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ հակատանկային հրթիռային համալիրներ գնելու նպատակով: Բանակցություններն ընթանում են թուրքական հայտնի Roketsan ընկերության հետ: Խոսքը գնում է միջին հեռահարության(2000-4000) մետր և բարձր հեռահարության՝(5000 -8000) մետր խոցման հեռահարության հրթիռների մասին:
Խոսքը կարող է գնալ UMTAS (Uzun Menzilli Tanksavar Sistemi) թուրքական հակատանկային համալիրի մասին: Անկարան այդ հրթիռների արտադրությամբ զբաղվում է 2005թ.-ից: Այն համարվում է թուրքական TAI/AgustaWestland T-129 հարվածային ուղղաթիռների համար նախատեսված զինատեսակ, որը տեղադրվում է նաև թեթև զրահամապատ մեքենաների վրա: Նախատեսված է տանկերի, ինժեներական և պաշտպանական կառույցների խոցման համար: Դեռևս հայտնի չէ, արդյոք խոսքը հենց այս համալիրների մասին է, սակայն ԶԼՄ-ներում մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ Ադրբեջանը Թուրքիայից գնել է 60 միավոր Т-129 «АТАК» ուղղաթիռներ:
Փաստորեն, Ադրբեջանը իսրայելական հակատանկային Spike համակարգից բացի, որը կիրառվել էր Ղարաբաղում ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում ցանկանում է գնել նաև թուրքական հակատանկային համալիրներ(հակատանկային համակարգեր Բաքուն գնել էր նաև Մոսկվայից):
Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում միակողմանի կախվածության մեջ գտնվել միայն մեկ երկրից՝Իսրայելից (կամ ՌԴ-ից), որի հետ բավականին սերտ ռազմա-տեխնիկական կապեր կան այդ թվում հրթիռային, ՀՕՊ համակարգերի, անօդաչուների գնման հարցերում: Անկարան կարող է իր ռազմա-տեխնիկական փորձով ու նորարություններով կիսվել Ադրբեջանի հետ ու այդ նոր զենքերը կիրառել՝փորձարկել ղարաբաղյան ճակատում: Հնարավոր է, որ այդ զենքերը կառավարելու են թուրքական զինված ուժերի սպաներն ու հատուկ պատրաստված մասնագետները: Թուրքիան զբաղված է նաև սեփական արտադրության Altay տանկերի և Anka ԱԹՍ-ների զինված ուժերին տրամադրելու գործընթացով՝չի բացառվում, որ այդ տանկերն ու անօդաչուները մի օր հայտնվեն նաև Ադրբեջանում և արդեն պարզ է, թե ում դեմ են դրանք կիրառվելու:
Ադրբեջանը Spike և թուրքական հակատանկային համալիրներով փորձում է ուժեղացնել իր հակատանկային պաշտպանությունը՝հայկական զինված ուժերի տանկային հնարավոր հակագրոհներից(танковый прорыв)՝ռազմական գործողություններն Ադրբեջանի խորքերը տեղափոխելը կանխելու համար:
Հակատանկային պատնեշ ստեղծելով Բաքուն ցանկանում է սահմանափակել ու թույլ չտալ հայկական զինված ուժերի դուրս գալն օպերատիվ խորություն՝Քուռ-Արաքսյան դաշտավայր ու տանկերի, զրահապատ այլ մեքենաների խոցումը <<վստահել>> ինֆրակարմիր գլխիկներով իսրայելական ու թուրքական հակատանկային հրթիռային համալիրներին(դրանք գործում են fire and forget ("выстрелил-забыл") սկզբունքով ):
Չմոռանանք, որ Ադրբեջանն Իսրայելից գնել է նաև Sand Cat զրահապատ մեքենաներ, որոնց անվանում են նաև մինի-տանկեր: ԶԼՄ-ներում տարածված լուսանկարներից երևում է, որ Ադրբեջանը գնել է այդ զրահամեքենաների առնվազն 4 տեսակ: Հատկապես աչքի է ընկնում մոդելը, որը հագեցած է հեռահար հսկողության էլեկտրաօպտիկական համակարգերով:
Մեքենաները հագեցած են Mini Samson մարտական մոդուլով, Rafael ֆիրմայի արտադրության 12.7 մմ տրամաչափի NEVT գնդացիրներով: Մեկ այլ զրահամեքենայի վրա տեղադրված է Samson MLS մարտական մոդուլը' կառավարվող հակատանկային հրթիռային Spike LR համակարգով:
Samson MLS մոդուլը հագեցած է օպտիկական համակարգերով և լազերային հեռաչափերով, որոնք թույլ են տալիս հետևել թիրախին ցանկացած եղանակային պայմաններում:Ադրբեջանին վաճառված զրահամեքենաները տարբերվում են ստանդարտ մոդիֆիկացիաներից հակահետևակային ականներից պաշտպանության համակարգով:
Արտյոմ Բալասանով