Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների, իսկ ՀՀ-ի անկախության 25-ամյակին ցուցադրված Իսկանդերներն էլ ավելի են արագացնելու Բաքվի ձգտումները փորձել կրկին անգամ ռազմական բալանսը շեղել դեպի իր կողմ: Նրանք արդեն իսկ հայտարարել են 280 կմ հեռահարության բալիսթիկ հրթիռներ գնելու բանակցությունների մասին, որոնք հետագայում արտադրվելու են Ադրբեջանի տարածքում: Այդ կերպ նրանք ցանկանում են պատասխանել ՀՀ-ի տրամադրության տակ եղած Իսկանդերին:
Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերը այս տարվանից սկսելու են ինտենսիվորեն համալրվել սեփական արտադրության Զէրբէ անօդաչու թռչող սարքերով՝հարվածային, կամիկաձե տեսակի: Իսրայելի հետ համատեղ նրանք արտադրելու են նաև նոր Orbiter 1 հարվածային ու հետախուզական անօդաչուներ:


Բաքուն, ինչպես տեսնում ենք, շեշտը դնում է հրթիռային տեխնոլոգիաների զարգացման ու անօդաչուների ակտիվ կիրառության վրա: Ադրբեջանը Ղարաբաղում ապրիլին կիրառել է անօդաչուներ՝տասնյակներով, զգացել է դրանց արդյունավետությունն ու հաջորդ պատերազմի կամ խոշոր դիվերսիայի ժամանակ տասնյակների փոխարեն կարող է կիրառել արդեն հարյուրավոր կամիկաձեն, որոնք ուղղվել են թե ենթակառուցվածքները շարքից հանելուն, թե թիկունքից դեպի առաջնագիծ ընթացող օգնական ուժերին հարվածելու ու առաջնագիծը թիկունքից կտրելու համար, այնպես էլ խաղաղ բնակավայրերին հարվածելու ու այդ կերպ Ղարաբաղը հայաթափելու համար: Անօդաչուներն, որոնք արտադրվելու են Ադրբեջանում ավելի էժան են, քան իսրայելականները, իսկ անօդաչուների կիրառությունն ավելի արդյունավետ է, քան թանկարժեք հարվածային օդուժի՝ավիացիայի կիրառությունը:


Ադրբեջանը հասկանալով, որ ՀՀ-ԼՂՀ ՀՕՊ ուժերը ուժեղացել են անգամ ապրիլին չկիրառեց օդուժ՝ռազմական մի քանի ուղղաթիռներ ընդամենը: Դրանց փոխարեն կիրառվեց փոքր, հարվածային անօդաչուներ, որոնք շատ դեպքերում առցանց ռեժիմով թույլ էին տալիս հետևել մարտին, ուղղորդել հատուկ ջոկատայիններին ու հրետանին, ինչպես նաև հարվածել կամավորականներին, որոնք Քարվաճառով շտապում էին Արցախ: Հետագայում կարող են հարվածի տակ պահել Լաչինի միջանցքը:
Ինչ վերաբերվում է բալիսթիկ հրթիռներին, ապա ադրբեջանցի ռազմական փորձագետ Սամիր Ջալիլովի խոսքով, բալիթսիկ հրթիռներ արտադրելու տեխնոլոգիաներ ունեցող երկրների ցանկը այնքան էլ մեծ չէ: Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համագործակցություն մի շարք երկրների հետ, Բաքուն կարող է դրանք ձեռք բերել ՌԴ-ից, Իսրայելից, Իրանից, Պակիստանից, Հնդկաստանից կամ Թուրքիայից:
Ադրբեջանը մեծ ուշադրություն է դարձնում իր զինված ուժերը հրթիռային համակարգերով համալրելու հարցերին: Դրանք, որպես կանոն, ձեռք են բերվում ՌԴ-ում, Պակիստանում և Թուրքիայում: Hurriyet.com-ի փոխանցմամբ, Ադրբեջանը գնել է իսրայելական արտադրության փոքր հեռահարության բալիսթիկ EXTRA հրթիռներ, ինչպես նաև հրթիռներ, որոնք արտադրված են Պակիստանում ու Թուրքիայում:
Նախօերին իսրայելական Յոկնայեմ-Էլիտ քաղաքի փոխքաղաքապետ Ռոման Պերեսը հայտարարել էր, որ իսրայելական Elbit Systems պաշտպանական նշանակության ձեռնարկությունն Ադրբեջանում կառուցում է ռազմական արդյունաբերության ոլորտի գործարաններ: Նա նշել է, որ Յոկնայեմում գործում է Իսրայելի ռազմական արդյունաբերության խոշորագույն Elbit Systems ընկերությունը, որը մի քանի տարի շարունակ լուրջ աշխաատանքներ է իրականացնում Ադրբեջանում, այդ թվում ռազմական նշանակության օբյետկներ է կառուցում:
Իսրայել-Ադրբեջան ռազմական կապերն ավելի խորն են, քան հնարավոր է պարզել ԶԼՄ-ներում ժամանակ առ ժամանակ տեղ գտնող, բաց տեղեկատվական աղբյուրներից ստացվող տեղեկություններից: Դեռևս հայտնի չէ, թե Պակիստանն ու Ադրբեջանը ինչ մակարդակի ռազմական կապեր ունեն՝չմոռանանք, որ Պակիստանն միջուկային տերություն է, ունի հզոր զինված ուժեր, այդ թվում հրթիռային բավականին զարգացած տեխնոլոգիաներ: Իսլամաբադը ՀՀ-ի հետ չունի դիվանագիտական կապեր ու ունի վառ արտահայտված ադրբեջանամետ դիրքորոշում Ղարաբաղի հարցում:


Ադրբեջանը նաև ուժեղացնում է հակատանկային բաղկացուցիչն իր զինված ուժերի՝ԼՂՀ ՊԲ-ի դեպի Քուռ բլից-կրիգը թույլ չտալու համար: Արցախի այսօրվա սահմաններից դուրս գալու ու դեպի Քուռ-Արաքսյան դաշտավայր տանկային գրոհ կազմակերպելու համար հայկական զինված ուժերը պետք է հաղթահարեն թե անօդաչու-կամիկաձեների օդից ստացվող հարվածները, թե Սմերչի հարվածները, ինչպես նաև իսրայելական Spike հակատանկային համակարգը:


Չմոռանանք նաև թուրքական Kasirga համակարգի մասին, որը նախատեսված է հենց զորքերի գրոհը կասեցնելու, թեթև զրահապատ մեքենաների ու տեխնիկայի ոչնչացման համար: Այս շաբաթ այդ համակարգերը Թուրքիայից փոխանցվել են Ադրբեջանին: Էլ չենք խոսում մարտական ավիացիայի, հարվածային ուղղաթիռների՝Մի-35 М(ռուսական), թուրքական ուղղաթիռների մասին և այլն:
ՀՀ-ը պետք է այս պայմաններում սերտացնի ռազմա-տեխնիկական կապերը Իրանի հետ՝ի հակակշիռ թուրք-ադրբեջանական սերտ կապերի, ինչպես նաև Հնդկաստանի՝ի հակակշիռ ադրբեջանա-պակիստանյան կապերի:
ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը շատ կարևոր է, սակայն ցանկալի է ունենալ նաև հենման այլ կետեր, դիվերսիֆիկացնել ռազմական կապերն ու հնարավորություն ունենալու ստանալու այլ երկրների ռազմական տեխնոլոգիաներն ու այդ կերպ դաշնակցային կապեր հաստատել այդ երկրների հետ, ինչն էլ իր հերթին կբերի այդ երկրներից ներդրումների աճին դեպի ՀՀ:

 

Արտյոմ Բալասանով