Սիրիայում հաստատված հրադադարի վերջնական տապալման և գործընթացների՝ ակտիվ ռազմական հերթական շրջափուլ մտնելու մասին են փաստում ոչ միայն երկրի մի շարք հատվածներում օրերս դարձյալ թեժացած համակողմանի ռազմական գործողություններն, այլև՝ սիրիական հակամարտության շրջանակներում կրկին ակտիվացած քարոզչական պատերազմը հատկապես Արևմուտք-Ռուսաստան չևաչափով:


Բացի այն, որ արևմտյան մամուլը մի կողմից, եվրոպական մի շարք երկրների, ԱՄՆ-ի պաշտոնատար տարբեր շրջանակներ մյուս կողմից, անընդհատ քարոզչական ու քաղաքական հարձակումներ են իրականացնում ինչպես սիրիական իշխանությունների, այնպես էլ նրանց արտաքին հովանավորների՝ՌԴ-ի և Իրանի դեմ, վերջիններն էլ իրենց հերթին, օգտագործում են բոլոր հնարավոր քաղաքական և հռետորաբանական գործիքները՝ հակառակորդի դեմ հակահարձակվելու նպատակով:


Մի քանի դրվագ վերոնշյալ քարոզչական փոխհրաձգությունից: Նախ՝ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ Հալեպում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղի ունեցած ՄԱԿ-ի ԱԽ-ի հատուկ նիստի ընթացքում վերոնշյալ երկրների ներկայացուցիչները քննադատության տարափ են ուղղել ՌԴ-ի և Սիրիայի իշխանությունների հասցեին՝ նրանց օդուժերի գործողությունները որակելով որպես «բարբարոսություն»:


Հակառուսական հրապարակումների շարքից կարելի է հատկապես առանձնացնել Լոնդոնում լույս տեսնող համարաբական «Ալ-Շարկ ալ Աուսատ» թերթում նախօրեին հրապարակված նյութը, որում, սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին կատարված հղումով, նշվում է, որ նրանց ձեռքն են ընկել Հալեպի ռազմագործողության վերաբերյալ գաղտնի ռուսական փաստաթղթեր: Դրանց համաձայն՝ Մոսկվայի ծրագիրը ենթադրում է անխնա ռմբակոծությունների միջոցով հարկադրել Հալեպի բնակչությանը՝ հեռանալ քաղաքից: Թերթում մեջբերվել է նաև ընդդիմադիրների հայտարարությունն, ըստ որի՝ չեն թույլատրելու Ռուսաստանի մասնակցությունը սիրիական հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:


Հակառակորդ ճամբարի քարոզչական հակաքայլերից կարելի է մեջբերել օրինակ՝ ռուսական և սիրիական լրատվամիջոցների կողմից գերմանական Kölner Stadt-Anzeiger հրատարակության հրապարակման լայն տարածումը, որտեղ սիրիական ծայրահեղ արմատական «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ»(նախկինում՝«Ջաբհաթ ալ-Նուսրա») խմբավորման դաշտային հրամանատարներից մեկն՝ Աբու ալ՝ Իզ անունով, հայտարարել է, թե ԱՄՆ-ը տարածաշրջանային իր մի շարք դաշնակիցների՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի, Քուվեյթի միջոցով սպառազինություններ է տրամադրում կառույցին:


Բացի այդ, սիրիական, ինչպես նաև ռուսական կողմը շարունակում են ակտիվորեն շրջանառել այն վարկածը, որ ամերիկյան օդուժը վերջերս Դեր էլ-Զորում սիրիական բանակի դիրքերին ուղղված ավիահարվածները համաձայնեցրել է մեկ այլ ահաբեկչական կազմավորման՝ «Իսլամական պետության» հետ:
Վերոնշյալից բացի, առկա են քարոզչական պատերազմի դրվագների բազմաթիվ այլ օրինակներ ևս, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ սիրիական հակամարտության ներկա շրջափուլն աչքի է ընկնելու տևական ակտիվ քարոզչապայքարով, մասշտաբային ռազմագործողություններով, որոնք ընդգրկելու են հատկապես Սիրիայի հյուսիսային հատվածը, և առնվազն կարճաժամկետ հեռանկարում գրեթե անհեռանկարային է հիմնխնդրի կարգավորման որևէ քաղաքական գործընթացի հնարավորությունը:

 

Արմեն Պետրոսյան