Սիրիայում հաստատված հրադադրի ռեժիմի վերջնական տապալումից հետո սիրիական բանակային ստորաբաժանումները լայնամասշտաբ ռազմագործողություններ են նախաձեռնել՝ տարաբնույթ հակակառավարական խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող Հալեպի արևելյան շրջաններն ազատագրելու նպատակով. քաղաքի նշված հատվածները, որտեղ բնակվում է մոտ 250 հազ. մարդ, շրջափակման մեջ են օգոստոսի վերջից:

 

Նշված ռազմագործողության համար ներգրավվել են սիրիական բանակի ամենամարտունակ ստորաբաժանումները, մասնավորապես՝ Հանրապեական պահակախումբը և նրան կցված տանկային 4-րդ ստորաբաժանումը:

 

Հատկապես վերջին 3 օրերին Նյու-Յորքում Սիրիայի հարցով համակարգող խմբի շրջանակներում տեղ գտած հանդիպումներից և հատկապես ՌԴ-ի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարների անպտուղ բանակցություններից հետո, երբ պարզ դարձավ, որ Սիրիայում հրադադրի վերականգնումը առնվազն առաջիկա ամիսներին՝ մեծ հավանականությամբ, մինչև Սպիտակ տանը նոր վարչակարգի հաստատումը, չի վերականգնվի, առավել կանխատեսելի է դառնում այն հանգամանքը, որ Սիրիայի տարբեր հատվածներ և հատկապես հյուսիսը վերածվելու է ակտիվ և անկանխատեսելի ռազմական գործողությունների մարտադաշտի. թերևս, այս համատեքստում է նաև սիրիական բանակի ու նրան հարող ուժերի կողմից Հալեպի գրավյալ շրջանների ազատագրման հերթական ռազմագործողության նախաձեռնումը:

 

 

Ինչ խոսք, ինչպես արդեն իսկ տապալված հրադադրի ռեժիմն, այնպես էլ սիրիական բանակի վերջին գործողություններն ընդամենը հերթականների շարքոից են արդեն ավելի քան 5 ու կես տարի շարունակվող սիրիական հակամարտության շրջանակներում, և կասկածից վեր է, որ այս գործողությունը ևս լուրջ իրավիճակային հաջողություններ չի արձանագրելու, քանի որ Հալեպում են խաչվում սիրիական հակամարտության գրեթե բոլոր հիմնական արտաքին և ներքին դերակատարների շահերը:

 

 

Մի բան միանշանակ է, որ Հալեպը վերածվելու է կատաղի ճակատամարտերի թատերաբեմի, իրավիճակն այստեղ հասնելու է աննախադեպ լարվածության, ռազմական գործողություններն ունենալու են կործանիչ հետևանքներ նաև մարդասիրական տեսանկյունից, մինչդեռ վերջնական հանգուցալուծում արձնագրել կողմերին այդպես էլ չի հաջողվելու, մինչև, թերևս, հնարավոր նոր բանակցային շրջափուլը:

 

Արմեն Պետրոսյան