Իշխան Հովսեփ Արղության. Պարսկաստանում Հայաստանի առաջին դեսպանը... Անկախացման հենց առաջին իսկ ամիսներից Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ կարևորություն էր տալիս Պարսկաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատմանը: Արդեն 1918 թ. նոյեմբերին Երևան է ժամանում Պարսկաստանի կառավարության պատվիրակությունը, որի պաշտոնական ընդունելությունը տեղի է ունենում «Օրիենտ» հյուրանոցում՝ Հայաստանի վարչապետ Հ. Քաջազնունու և արտաքին գործերի նախարար Ս. Տիգրանյանի մասնակցությամբ:

 


1919 թ. հունիսի 11-ին վարչապետ Ա. Խատիսյանը հեռագիր է ուղարկում Պարսկաստանի վարչապետ Վոսուղ էդ Դոուլեին, որտեղ մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայ և պարսիկ ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև գաղթականության, տրանսպորտի, երկաթգծի և մեր երկու երկրների կենսական շահերին վերաբերող այլ բազմաթիվ հարցերի լուծման համար, խնդրում է շահի կառավարության համաձայնությունը Հայաստանի հատուկ ներկայացուցչին Թեհրան ուղարկելու և վերոնշյալ հարցերը լուծելու նպատակով բանակցություններ սկսելու համար»: Ստանալով դրական պատասխան թագաժառանգ Վալիահդ Հասան Միրզայից, Հայաստանի կառավարությունը 1919-ի օգոստոսի 1-ին Թեհրան է ուղարկում մի նոր հեռագիր, որտեղ նշված էր. «Ի պատասխան Պարսկաստանի կառավարության բարյացակամ դիրքորոշմանը, Հայաստանի կառավարությունը Նորին կայսերական մեծության շահի կառավարությանը կից լիազոր ներկայացուցիչ է ուղարկում իշխան Արղությանին և նրան տալիս է մանդատ՝ լուծելու բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանին»:

 


Այսպիսով, Պարսկաստանում Հայաստանի առաջին դեսպան է դառնում հայ ազգային ազատագրական շարժման երանելի դեմքերից մեկը՝ իշխան Հովսեփ Արղությանը (1863, Սանահին – 1925, Փարիզ): Արղությանը ժամանում է Թեհրան և ձեռնամուխ լինում Հայաստանի դեսպանատան կազմակերպչական աշխատանքներին: Նա իր դիվանագիտական հավատարմագրերն է հանձնում թագաժառանգ Վալիահդ Հասան Միրզային 1920 թ. հունվարի 16-ին, և բացի Թեհրանի դեսպանատնից, շուտով բացվում է նաև Թավրիզի հայկական հյուպատոսությունը: Հայաստանի կառավարությունը դեսպան Արղությանի առջև դնում է հետևյալ կարևոր առաջադրանքները. Պարսկաստանի հետ կնքել բարեկամության և առևտրական պայմանագիր ու պարզել բոլոր այն միջոցները, որոնք կնպաստեն երկու երկրների միջև սերտ առևտրական հարաբերությունների հաստատմանը: Սակայն այդ կարևոր նախագծերը հնարավոր չեղավ իրագործել 1920-ի դեկտեմբերին Հայաստանի պետականության կորստով, երբ մեր երկիրը 70 տարով զրկվեց անկախ դիվանագիտություն վարելու իրավունքից:

 

Ռուբեն Շուխյան