ՊԱՅՔԱՐ ԳԱՀԻ ՀԱՄԱՐ

Զապելի ու Հեթում Ա-ի (1226-1270 թթ.) թոռան' Հեթում Բ-ի (1289-1307 թթ.) գահակալության շրջանում, Կիլիկյան Հայոց թագավորությունն ապրեց իր պատմության ամենածանր ու ամենադրամատիկ փուլերից մեկը:

 

Պետության թուլացման ներքին պատճառների թվում հիմնականը լատինասերների քայքայիչ գործունեությունն էր եւ իշխանության համար անզիջում պայքարը Լեւոն Բ-ի (1270-1289) յոթ որդիների միջեւ:

 

Դեռ գահին չբազմած արքայորդի Հեթումն ընդունով կաթոլիկ դավանանքը' դարձել էր ֆրանցիսկյան միաբանության անդամ, գլխավորում էր լատինասերների հոսանքը երկրում եւ պահանջում էր, որ հայերն ընդունեն կաթոլիկություն:

 

1289-ին հռչակվելով հայոց թագավոր՝ Հեթում Բ-ն երկիրը փաստացի կառավարեց 18 տարի: Նա վեց անգամ հրաժարվեց գահից, մտավ վանք, նույնքան անգամ էլ փոշմանեց եւ վերադարնալով պալատ՝ բազմեց արքունի բարձին:

 

Լինելով հոգեւոր միաբանության անդամ՝ Հեթումը չէր հրաժարվում սրից ու վանականի գավազանից: Շատ անկայուն անձնավորություն էր, մեկ ծայրահեղությունից մյուսն էր ընկնում, ձգտում էր բարեպաշտի ու կրքոտ հայրենասերի համբավ ձեռք բերել եւ կարծում էր, որ հայոց պետությունն առանց Հռոմի պապի ու Արեւմուտքի քրիստոնյա երկրների աջակցության չի կարող գոյատեւել:

 

Մի անգամ, երբ սովորության համաձայն թողել էր գահը եւ ապաստանել վանքում, արքունի խորհուրդը թագավոր ընտրեց եղբորը՝ Սմբատին (1296-1299 թթ.): Հեթում Բ-ն եղբայրներից մեկի' Թորոսի հետ, պայքար սկսեց Սմբատի դեմ: Վերջինիս հաջողվեց ձերբակալել եղբայրներին. Սմբատը Թորոսին դատապարտեց մահապատժի, իսկ Հեթումին՝ կուրացրեց:

 

Այնուհետեւ Սմբատի դեմ հանդես եկավ մյուս եղբայրը՝ Կապան ամրոցի տեր Կոստանդինը: Սմբատը պարտվեց, ձերբակալվեց ու բանտարկվեց: Կոստանդինն ստանալով Հեթումի համաձայնությունը՝ իր ձեռքում կենտրոնացրեց երկրի կառավարումը, սակայն, 1299 թ. Հեթում Բ-ն լատինասերների աջակցությամբ կրկին գահ բարձրացավ:

 

Վախենալով նոր խռովությունից՝ Հեթումը Սմբատին ու Կոստանդինին արտաքսեց երկրից: 1301 թ. նա Սմբատի կողմից սպանված եղբոր՝ Թորոսի 12-ամյա որդի Լեւոնին հռչակեց թագավոր, ստանձնեց նրա խնամակալությունը եւ փաստացի շարունակեց միանձնյա կառավարել երկիրը:

 

1307թ. Հեթումը Լեւոն Գ-ի անունից Սիս մայրաքաղաքում հրավիրեց եկեղեցական ժողով եւ պահանջեց անհապաղ որոշում ընդունել կաթոլիկ եկեղեցու հետ միավորման մասին: Այս ճանապարհով նա աշխատում էր ստեղծել քրիստոնյա երկրների դաշինք՝ ընդդեմ մահմեդականների:

 

Արտաքին սպառնալիքն ավելի ընդգծվեց: Նույն թվի աշնանը Կիլիկիայում տեղակայված մոնղոլական զորամասի հրամանատար Փիլարղուն, ով իսլամ էր ընդունել, հյուրասիրության պատրվակով Անավարզա հրավիրեց Լեւոն արքային, նրա խնամակալ Հեթումին, քառասուն նշանավոր հայ իշխանների եւ բոլորին դաժանորեն սպանեց:

 

Հեթում Բ-ի եղբայրը' Օշինը (1308-1320թթ.), թեեւ լուծեց հարազատների վրեժը եւ մոնղոլներին դուրս քշեց երկրից, սակայն շարունակելով Հեթումի որդեգրած քաղաքականությունը՝ էլ ավելի խորացրեց երկրի պառակտումը:

 

Հարեւան մահմեդական պետությունների եւ հատկապես Եգիպտոսի սուլթանության հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխարեն՝ շարունակվեց նամակ-խնդրագրերի ուղարկումը Հռոմի պապին ու եւրոպական երկրների տիրակալներին:

 

Իսլամադավան հարեւանների հետ կապեր հաստատելու յուրաքանչյուր առաջարկ Հայ եկեղեցու կողմից արժանանում էր անխնա քննադատության ու թշնամական վերաբերմունքի...

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ