Այս կադրերը՝ բրիտանական արխիվային կինոժապավենից են և պատմության դասերը ճիշտ սերտելու մեծ խորհուրդ են կրում մեզ համար: Ինչպես նշված է, այստեղ ներկայացվում է Ամանորի կապակցությամբ Կարմիր բանակի շքերթը Երևանում 1921 թվականի հունվարին: Ժապավենում կտեսնեք Աստաֆյան փողոցը՝ հստակ երևում են ներկայիս Աբովյան-Պուշկին խաչմերուկը և Հանրապետության հրապարակին կից շենքերը: Ժապավենի վերջում ներկայացված է Երևանի կայարանի տարածքում կոմունիստական շաբաթօրյակի ընթացքը, իսկ սկզբի կադրերում երևում են շքերթին նախապատրաստվող ռուս զինվորները՝ Երևանի բերդի կից տարածքում:

 


Հայաստանի խորհրդայնացման պատմությունը հայտնի է բոլորիս՝ 1920-ի աշնանը, հայտնվելով թուրքական և ռուսական սվինների արանքում, Հայաստանի առաջին Հանրապետության կառավարությունը հարկադրված է լինում տեղի տալ։ 1920-ի նոյեմբերի 30-ին նրա ներկայացուցիչները բանակցություններ են սկսում Սովետական Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Լեգրանի հետ։ Բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին. Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է կապիտուլյացիոն պայմանագիր և դեկտեմբերի սկզբին փաստացի ռազմակալում է Հայաստանը՝ այն վերանվանում Հայաստանի խորհրդային հանրապետություն և հաստատում դրածո վարչախումբ' Հայաստանը կորցնում է իր անկախությունը։ Դեկտեմբերի 4-ին Երևան են ժամանում հայկական հեղկոմի անդամները, իսկ դեկտեմբերի 6-ին՝ Սովետական Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի զորամիավորումները, իսկ 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանի առաջին Հանրապետության անբաժան մաս կազմող զգալի տարածքներ անցնում են Թուրքիային և Ադրբեջանին:

 


Ի դեպ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամանակավոր հեղկոմի կազմում է եղել նաև Դրոն, և այս արխիվային կադրերում նա նույնպես երևում է՝ շքերթի ժամանակ, սակայն 1921-ի հունվարին արդեն՝ Դրոն պարտադրված հեռանում է Հայաստանից:

 

Ռուբեն Շուխյան