ԱՄՈԹ Է

Ամոթ է վերջապես: Քսանհինգ տարվա անկախ պետություն ունենք, քանի հազար տարվա պատմություն, ամենահներից մեկը ենք ժողովուրդներից ու շարունակում ենք մնալ քաղաքականության մանկապատանեկան փուլում:

 

Լավ, դեռ որքա՞ն եք ծափահարելու մռայլ իրականությունը նկարագրողներին, իշխանությունների մասին թունդ խոսքեր ասողներին:
Դուք չեք տեսնու՞մ այդ իրականությունը, որ ծափահարում եք:
Դուք չեք կարո՞ղ թթու խոսք ասել իշխանություններին, որ ծափահարում եք:
Ամոթ է, դուրս եկեք այդ տարիքից: Քաղաքականությունն իջեցրել եք տնային տնտեսուհու մակարդակի:

 

Ծափահարելու փոխարեն բեմ բարձրացողին ասեք՝

 

- Իրականությունը մենք էլ ենք տեսնում, հայհոյել մենք էլ կարող ենք, դու ե՛լքն ասա, ե՛լքը: Ներկայացրու՛ այն քալերի հստակ համակարգը, որոնք վերափոխելու են իրականությունը և համոզի՛ր մեզ, որ դրանք ուտոպիա չեն: Իսկ եթե չես կարող, ապա իջիր հարթակից, գնա տուն...

 

Այդքան դժվա՞ր է ձեզ համար հիշել, որ Խորհրդային Հայաստանում էլ բարքերն ապականված էին:
Այդքան դժվա՞ր է ձեզ համար հիշել, որ դեռ Առաջին հանրապետությունից առաջ էլ երկիրը միկիտան սաքոներինն էր: Ու այդքանից հետո այդքան դժվա՞ր է ձեզ համար հետևեցնել, որ անցալի ծանր բեռ ենք քարշ տալիս մեզ հետ, որից ազատվելու հնարը պետք է գտնել: Դժվա՞ր է:

 

Ձեր ներկայությամբ անվանարկում են ներկան մեր անցյալով պայմանավորողներին, ու դուք ծափահարում եք:
Ձեր ներկայությամբ անվանարկում են իրականությունը վերափոխելու, անցյալի բեռը թոթափելու ունակ ընտրանու ձևավորման գաղափարը, ու դուք ծափահարում եք:

 

Հետո՞:
Եթե դա է քաղաքականությունը հասկանալու ձեր աստիճանը, ապա դուք դեռ էլի երկա՜ր տարիներ մռայլ իրականություն եք ունենալու ու ծափահարելու եք այն նկարագրողներին:

 

Արծրուն Պեպանյան