Արցախյան հիմնախնդրին իր վերջին անդրադարձում Պուտինը հայտարարել էր, որ խնդիրը պետք է ունենա այնպիսի լուծում, որը հանդուրժելի լինի երկու կողմերի համար, այդ լուծումը չպետք է ունենա «հաղթող» և «պարտվող» կողմեր, պետք է լինի տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների բալանսում և միևնույն ժամանակ, Պուտինը նշում է, որ հրաշալի հասկանում է, թե ինչ ներքին ճնշում կա երկրների ղեկավարությունների վրա ու հատուկ շեշտում, որ Ռուսաստանը չի պարտադրելու լուծման որևէ տարբերակ։

 

Սա, հարգելի՛ Պարոնայք, կոչվում է փակուղու հավաստանշում։ Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք Պուտինի ասածը, ապա պարզ մարդկային լեզվով այն կհնչի մոտավորապես այսպես․ մենք իհարկե կցանկանայինք, որ դուք հաշտվեիք միմյանց հետ և ոչ մեկդ նեղված չմնար, բայց մենք հասկանում ենք, որ եթե հանկարծ մեկնումեկիդ հանրություան սրտով չլինի, իսկ որ ավելի հավանական է՝ երկու հանրությունների սրտով չլինի, ապա երկուսիդ էլ գահընկեց կանեն, ուստի որքան էլ մենք ուզենանք նման մուճուկ լուծում, մենք չունենք այդպիսինը, ուստի արեք այն, ինչ ուզում եք, իսկ մենք հետո կխոսենք՝ ըստ այդմ, բայց ամբողջ կուժնուկուլան Ռուսաստանը իր վրա չի վերցնելու։

 

Այլ կերպ ասած, մենք փոթորկից առաջ զրնգացող լռության մեջ ենք հիմա, որովհետև թե՛ ՄԽ-ն, թե միջնորդներն առանձին-առանձին, թե՛ տարածաշրջանում պրեդոմինանտ միջնորդ Ռուսաստանը հերթով լվանում են իրենց ձեռքերը՝ վերջնական որոշման իրավունքի հարցում։ Փաստացի՝ թվացյալ քարտ բլանշ է տրվում կողմերին ու դժվար չէ հասկանալ, թե ինչ քարտ բլանշի մասին է խոսքը։

 

Կտրվենք էմոցիաներից ու արձանագրենք մի պարզ իրողություն․ ստեղծված ուժային բալանսի, անցած 22 տարիների և երկրներում ստեղծված ներքաղաքական կոնյունկտուրայի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կողմերը զիջման ու/կամ փոխզիջման կարող են գնալ միայն այդ ուժային բալանսի կտրուկ փոփոխության դեպքում, որը հնարավոր է միայն լայնամասշտաբ մարտական գործողությունների դեպքում, երբ կողմերից մեկը կտոնի վճռական հաղթանակ (մյուս կողմին թելդրելով զիջումների ուղի), կամ էլ կողմերը այնպիսի մսաղացի մեջ կմտնեն, որ արնաքամ լինելով ստիպված կլինեն համաձայնել փոխզիջման։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան