Վերջին օրերը անկախ Հայաստանի կյանքում շատ տարբերվում են մնացած օրերից: Զենքով զորամասի գրավում Երևանում, ցույցեր, ձերբակալություններ, մի խոսքով խառը պատմություններ: Ֆիքսվենք ցույցերի վրա: Այդ ցույցերին մասնակցում են գրեթե բոլորը՝ մեծից փոքր: Այդ ցույցերին մասնակցում էին նաև սփյուռքից եկած հայեր: Նրանցից մեկը Արսինե Խանջյան էր ՝ Ատոմ Էգոյանի կինը:


Ցույցերից մեկի ժամանակ մոտ 1000 ձերբակալվածների հետ տարան նաև տիկին Խանջյանին: Մոռացանք , թե ինչի համար էինք հավաքվել ու բոլորս սկսեցինք նրա ձերբակալության մասին մտածել ու ևս մեկ անգամ հայհոյել երկրիս ոստիակններին: Բայց ինչի՞ համար պետք է խտրականություն դնենք տիկին Խանջյանի և մնացած ձերբակալվածների մեջ: Կարծում եք Արսինեն Կանադայում ձերբակալություններ չի՞ տեսել: Տեսել է: Մի բան էլ ավել է տեսել:


Վերջիվերջո դրսում ապրող բոլոր հայերը ապրում են հայրենիքի կարոտով, անհագ ցանկություն ունեն լինեն հայրենիքում և այլն: Բայց հայրենիքը միայն քյաբաբ-խորոված, Գառնի-Գեղարդ և երեկոյան Երևանի գիշերները չեն: Հայրենիքը նաև անորակ ասֆալտի պատճառով մեքենայի անիվի պայթելն է, հայրենիքը նաև սեփական երկրի ոստիկանության կողմից ծեծ ուտելն է, հայրենիքը նաև խոնութի վաճառողուհու մուննաթ դեմքն է,հայրենիքը նաև տիրող անարդարություններն են:


Տիկին Խանջյանը ցույցին գնալուց առաջ հաստատ պատկերացում կազմել է, որ հնարավոր է իրեն ձերբակալեն և դրանից հետո , եթե գնացել է այնտեղ ուրեմն պետք չի նրա համար սուգ անել: Պետք չի առանձնացնել մեզ իրարից: Եթե քեզ հայ ես համարում , ուրեմն պատրաստ եղիր մոռանաս անձնագրով գրանցումիդ մասին ու մյուս հայրենակիցներիդ հետ վայելիս հայրենիքդ՝ իր լավ ու վատ կողմերով:

 

 

Աշոտ Ասատրյան