Այս օրերին բոլորիս ուշադրությունը կենտրոնացած է Էրեբունու դեպքերի վրա: Հուլիսի 20-ի բախումներից հետո Խորենացի փողոցում կարծես ամեն ինչ հանդարտ էր: Սակայն հանդարտության գլխավոր երաշխիքը հարթակում գտվող մարդկանց ադեկվատությունն է: Երեկ սակայն դա չնկատվեց նրանց մոտ. ոմանք հորդորում էին ժողովրդին մնալ, ոմանք՝ տուն գնալ, ոմանք՝ գործողությունների դիմել: Արդյունքում եղավ այն ինչ եղավ:
Այսօր Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանել է երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները՝ նշելով, որ որոշում կայացնողը ժողովուրդն է, իսկ իրենք կոպիտ սխալ են գործել, որ հեռացել են հարթակից և չեն դիմել ակտիվ գործողությունների: Այստեղ սխալ ասելով՝ Մարտիրոսյանը հավանաբար նկատի է ունեցել սխալների մի ամբողջ փաթեթ, քանի որ դրանք շատ են: Օրինակ կարելի է առանձնացնել հարթակում ահամաձայնությունը, ժտություններն ու իրարանցումը: Ինչպես արդեն նշվեց ոմանք գնում էին, ոմանք՝ մնում և այլն: Փաստացի ժողովուրդը հայտնվել էր անորոշության մեջ:


Այստեղ առաջանում են հարցեր: Նախ ինչու՞ են հարթակում գտնվող մարդիկ սկզբից հայտարարում, թե կդիմեն ակտիվ գործողությունների, այնուհետև մեղմ ասած «ծլկում»: Նույն Ալբերտ Բաղդասարյանը և Անդրիաս Ղուկասյանը առյուծի կաթ խմածի պես սպառնում էին ոստիկաններին, սակայն ի վերջո լքեցին ժողովրդին: Հետո ինչպե՞ս կարելի է հարթակը վստահել այնպիսի մարդկանց, որոնք առանձին-առանձին չեն կարողանում հավաքել մի քանի հարյուր մարդ: Նման անփորձ և անպատասխանատու մարդիկ վտանգավոր են ոչ միայն իրենց, այլև հենց հավաքվածների համար: Որքան մարդկանց թիվը ավելանում է, այդքան պետք է ամրանա գլխավոր ամբիոնը: Երեկ պարզվեց, որ այնտեղ գտնվողները մոտ մեկ տասնյակ անադեկվատ և վտանգավոր մարդիկ են, ովքեր կարող են բորբոքել կրքերը օգտվելով հավաքված ժողովրդի «հուզականությունից» և ուղղակի թողնել ու հեռանալ տարածքից՝ չմտածելով դրա անդառնալի հետևանքների մասին:


Հավաքված քաղաքացիների մեծամասնության հիմնական նապատակն ու շարժառիթը ՊՊԾ գնդի տարածքում հնարավոր արյունահեղությունից խուսափելն է, սակայն այդ պարագայում նրանց անկեղծ զգացմունքները փաստացի չարաշահում են Խորենցու հարթակում կանգնած ինչ-ինչ գործիչներ, ում մոտ ակնհայտորեն պակասում է պատասխանատվության զգացում:

 

Վլադ Կարախանյան