Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր խմբի» անդամներից երկուսը երեկ վիրավորում են ստացել: Ըստ «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարության՝ «գիշերը, ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը»: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, վիրահատվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


Օրվա առաջին կեսին տարածվեց տեսանյութ, որում երևում է, որ խմբի անդամներից երեքը մեքենայով փորձում են դուրս գալ տարածքից: Տեսանյութից, սակայն, պարզ չէ, թե ուր են գնում, կամ ինչ են ցանկանում անել նրանք:


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև՝ գույքի ոչնչացումը. «Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ»:


Պաշտոնական հաղորդագրությանը կից ներկայացվում է նաև ձայնագրություն:
Խմբի անդամներից մեկն ասում է. «Խփին տղեքին, Վիլիսով գնացին չգիտեմ ինչ էին բլբլում, ես ստեղից հելա՝ օգնեցի»: Վարուժան Ավետիսյանը պատասխանում է. «Ինչի՞ էին գնացել, իրանց վրա կրակե՞լ ես: Ո՞ւր ա Հովոն (հավանաբար Հովհաննես Հարությունյանը, ով վիրավորներից մեկն է)»:


«Բանը ընդեղ ա, ես չգիտեմ հիմա, Էդոնն ա ընդե՞ղ»,- ասում է խմբի անդամը:
«Բա ինքնագլուխ բաներ խի՞ են անում»,- ասում է մեկ ուրիշը:
Աշոտ Պետրոսյանը, ով վիրավորվել է, նշում է. «Արա, ես հեն եմ դուք պրոֆեսիոնալ եք, ձեր հետ եկել եմ, չեմ ջոկում, շիվարել եք»: Դիմելով Պավել Մանուկյանին՝ Ա.Պետրոսյանն ասում է. «Պավլիկ, բա ասում ես՝ չեն խփի: Տղեք, թողեք ես սողալով կեթամ էլի»:
Վարուժան Ավետիսյանը Աշոտ Պետրոսյանին պատասխանում է. «Բա գնացել ես իրանց քթի տակ, ավտոմատը պահում ա վրեդ, հրամայում ա, բա ի՞նչ պիտի անի»:
«Ախպեր, դե դուդուկները տնկած խի՞ են էթում»,- նշում է խմբի անդամներից մեկը:
«Լավ են արել»,- ասում է մեկ այլ անդամ:


«Պարտադիր երկու հոգի պիտի վիրավորեն, ի՞նչ են անում ընդեղ գիշերվա կեսին»,- նշվում է ձայնագրության մեջ:
«Դուք նկատի ունեցեք, որ սպանելու նպատակով չեն կրակել, ոտերին են խփել»,- շարունակում է Վարուժան Ավետիսյանը:
«Ապեր, ճակատագրի հետ են խաղում, երկուսն էլ «на смерть» կարային էթային»,- ասում է մեկ այլ անդամ:
«Իրանց ո՞վ էր ասում գնան հասնեն ընդեղ»,- նշվում է ձայնագրության մեջ:
«Ախպեր, դե գնում-գալիս են, ասում են՝ հել ընդեղ, իջի ընդեղ, մեքենա տարվի, տար ընդեղ, բեր ընդեղ…»,- ասում է ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներից մեկը:
«Էսի հարկավոր ա ժողովրդի մեջ տարածել, որ մերոնց նապադենի են արել»,- ասում է խմբի անդամներից մեկը:

 

Վլադ Կարախանյան