Հիսուս ասում է.
- Ով իր հորն ու մորն ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ։ Ով որ իր տղային կամ աղջկան ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ։ Եվ ով իր խաչը չի վերցնում ու ինձ չի հետևում, արժանի չէ ինձ։ Ով որ իր կյանքը իրեն է պահում, պիտի կորցնի այն, և ով որ իր կյանքը կորցնում է ինձ համար, պիտի գտնի այն։ 
- Ով ընդունում է ձեզ, ընդունած կլինի ինձ, և ով ի՛նձ է ընդունում, ընդունած կլինի ինձ ուղարկողին։ Ով ընդունում է մարգարեին՝ իբրև մարգարեի,մարգարեի հատուկ վարձ կստանա։ Ով ընդունում է արդարին՝ իբրև արդարի, արդարի վարձ կստանա։ Եվ ով այս փոքրիկներից մեկին նույնիսկ մի բաժակ սառը ջուր տա խմելու որպես իմ աշակերտի, վստա՛հ եղեք, որ իր վարձը չի կորցնի։


(Մատթեոսի ավետարան 10:37-42)


Ժամանակս բավական չի լինի, որ պատմեմ մյուս մարգարեների մասին, որոնք իրենց հավատով պարտության մատնեցին թագավորներին, արդարություն գործեցին և տիրացան Աստծու խոստումներին։ Նրանք փակեցին առյուծների բերանները, հանգցրին կրակի զորությունը և ազատվեցին սրի բերանից։ Իրենց տկարության մեջ զորացան Աստծով, անպարտելի դարձան պատերազմում և ընկճեցին օտարների բանակները։
Կանայք հավատո՛վ տեսան իրենց մեռելների հարությունը։ Շատերը տանջանքի մեջ մեռան՝ մերժելով ազատությունը, որպեսզի հարություն առնեն լավագույն մի կյանքի համար։ Ուրիշները ենթարկվեցին նախատինքների ու ծեծի, շղթաների ու բանտերի համն առան։ Քարկոծվեցին, սղոցվեցին, փորձությունների մատնվեցին, սպանվեցին սրով, շրջեցին ոչխարի կամ այծի մորթիներով՝ զրկանք, հալածանք ու չարչարանք կրելով, թափառական կյանքով ապրելով անապատում կամ լեռների վրա, քարայրերում կամ խոռոչներում։ Արդարև, աշխարհը արժանի չէր այդ մարդկանց։


Սրանք ամենքը, իրենց հավատով վկայված լինելով հանդերձ, չստացան Աստծու խոստումը, որովհետև Աստված, մեզ համար մի ավելի լավ բան նախատեսած լինելով, չուզեց, որ նրանք առանց մեզ հասնեն խոստումի իրականացմանը։


(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 11:32-40)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան