Երկրի նախագահը կոչ է անում զինված խմբին ժամ առաջ վայր դնել զենքերը: Զինված խումբը կոչ է անում երկրի նախագահին ժամ առաջ վայր դնել իշխանությունը: Ո՞րն է լուծումը:

 

Լուծումը երեքն է: Կամ երկու կողմն էլ կատարում է միմյանց պահանջը միաժամանակ, որի գինը մեկի իշխանազրկումն է, մյուսների` ազատազրկումը:

 

Կամ կողմերից ոչ մեկը չի կատարում ոչ մեկի պահանջը: Մեկը գործի է դնում իր ամբողջ իշխանությունը, մյուսն իր զենքը: Ով կրեց- կրեց: Սրա գինը արյունն է, զինյալների կյանքը և իշխանության թուլացումը: Բայց հավանականությունը մեծ է, որ կռվում կհաղթի իշխանությունը:


Իսկ երրորդ լուծումն այն է, երբ զինյալները հանձնվում են, ինչից անմիջապես հետո սկսվում է ինչպես զինյալների, այնպես էլ բոլոր հայտնի դեմքերի դեմ այս կամ այն հանցանքի վերաբերյալ մեղադրանքների շուրջ արդար դատավարություն: Ձևավորվում է անկախ մարմին, որի անդամներին երաշխավորվում է անձեռնմխելիություն, որին տրվում է լիազորություն հետաքննել բոլոր պաշտոնյաների գործունեությունը: Այդ մարմինն իրավասու է զբաղվել նաև իրավապահ մարմիններով:

 

Պաշտոնական դիրքի չարաշահման որևէ փաստ հայտնաբերելու դեպքում այդ մարմինը իրավասու կլինի գործ հարուցել և սկսել դատական գործընթաց: Համապետական այդ տրիբունալով վերջնականապես կվերականգնվի վստահությունը համակարգի նկատմամբ:

 

Ինչպես նկատեցիք, երրորդ լուծումը երևի ամենաբարդն է, ինչպես նման կամք ցուցաբերելու, այդպես էլ այդքան անկաշառ մարդ գտնելու համար: Իսկ քրեական գործերն այնքան շատ կլինեն, որ զինված հեղաշրջում կսկսեն հենց պաշտոնյաները:

 

Իրականում կա նաև մեկ այլ ելք, որը լուծում չէ, այլ գուցե անակնկալ կլինի: Երբ մեկ էլ իմանում ենք, որ զինյալները հանձնվել են ու վերջ, թե ոնց եղավ, այդ ինչ ներկայացում էր, ոչ ոք չհասկացավ: Նման ելք շատ հնարավոր է:

 

Տիգրան Խաչատրյան