Գերմանիայի հանճարեղ «Երկաթյա կանցլերը» ժամանակին սիրում էր կրկնել, որ «Հեղափոխությունները պատրաստում են հանճարները, իրականացնում են ֆանատիկները, իսկ դրա պտուղները վայելում են տականքները»: Հեղափոխությունների պակաս չունեցած համաշխարհային պատմությունն ապացուցել ու ապացուցում է, որ երիցս ճիշտ էր Օտտո ֆոն Բիսմարկի այդ նկատառումը, քանզի շատ դեպքերում հեղափոխությունների իրականացման գործընթացների շղթան ունենում է նույն հերթականությունը:
Վստահ եմ՝ շատ-շատերը, ովքեր ծանոթ են Բիսմարկ գործչին, երեկ առիթ ունեցան վերհիշել վերոգրյալ խոսքերը, երբ Խորենացի փողոցում տեսան նախկին արտգործնախարար Վ. Օսկանյանին: Դեմագոգիայի այն ահռելի չափաբաժինը, որը նա ի ցույց դրեց ժողովրդի առջև, ուղղակի անթույլատրելի էր: Պրն Օսկանյանը հաստատ թերագնահատում է հայ ժողովրդին և կարծում է, թե նրա հիշողությունը այնքան կարճ է, որ նա կմոռանա Օսկանյանի քաղաքական անցյալը:


Երեկ Խորենացիում Օսկանյանը հայտարարեց, որ ինքն ինչ-որ դիվանագիտական ինստինկտով զգում է, որ պահը կրիտիկական է, և եկել է, որ թույլ չտա արյունահեղություն: Լավ, եթե արյունահեղությունը թույլ չտալու մասին այդքան մտահոգված եք, այդ ինչպե՞ս եղավ, որ 8 տարի առաջ այդ նույն էնտուզիազմով չկանխեցիք մարտի 1-ը, թե՞ պարզապես այն ժամանակ այլ հրահանգավորում էր իջել Ձեր ուսերին վերից և կորցնելու շատ բաներ ունեիք, այնինչ այժմ քաղաքական դիվիդենտներ շահելու մեծ հնարավորություններ են նշմարվում քաղաքական երկնակամարում:


Քաղաքական բարոյականությունը, ամեն պարագայում արժե պահել, և պետք չէ ժողովրդին օգտագործել միայն՝ սեփական ամբիցիաներից ելնելով: Իսկ ինչ մենք տեսնում ենք, այսպես կոչված, «Համախմբումից», դա հակասում է բարոյական բոլոր չափանիշներին: Կարծես թե, նրանք հարմար առիթներ են ման գալիս ինքնադրսևորվելու, պղտոր ջրում ձուկ որսալու սեփական PR ակցիաները կազմակերպելու համար, չէ որ, եթե հեղափոխությունը չստացվի և պտուղներից օգտվելու առիթ չլինի, միևնույն է մոտակա ապագայում խորհրդարանական ընտրություններ են, իսկ այսօրվա Խորենացին մի քանի անգամ ավելի լավ հարթակ և հնարավորություններ է ընձեռում, քան մի քանի ամսից դա կանի Ազատության հրապարակը: Իսկ, որ երեկ Oskanyan & Co. – ն այդ նպատակներն էին հետապնդում, անգամ կասկածի տեղիք չի տալիս:


Մի բան հստակ է և Օսկանյանը դա պետք ընդունի ի գիտություն. այլևս անցել են այն ժամանակները, երբ ժողովրդի վստահությունը կորցրած քաղաքական գործիչը կարողանա վերակենդանանալ քաղաքական դաշտում ու հաջողություններ գրանցել: Ով մեկ անգամ կորցրեց այդ վստահությունը, կորցնում է այն առհավետ: Իսկ, որ Օսկանյանը վաղուց է համալրել քաղաքական գործիչների այդ «աստղաբույլը», դա նորություն չէ: Պրն Օսկանյան, շարունակեք Ձեր մեմուարները հանձնել թղթին, հավատացե՛ք, դա ավելի լավ է ստացվում Ձեզ մոտ:

 

Հայոց Տուն