Այսօր առավոտվանից ակտիվ լուրեր են շրջանառվում զորամասի վրա հարձակում կատարած խմբի և իշխանությունների միջև բանակցություններ սկսելու անհրաժեշտության, ընթացքի ու կարևորության մասին, սակայն ոչ մեկ չի խոսում այն մասին, թե ինչի՞ շուրջ պետք է լինեն այդ բանակցությունները:
Ուժայինների հայտարարությունները փաստում են, որ իշխանության համար բանակցություններ օրակարգում մեկ հարց է՝ հանձնվել իշխանություններին:

 


Զինված խմբի անդամները դեռ երեկ հրապարակել էին իրենց պահանջները, սակայն իշխանությունը որևէ ձևով չի արձագանքում դրանց: Մեծ առումով Ժիրոյի, Վոլոդյա Ավետիսյանի կամ մյուսների ազատ արձակման պահանջն այս ձևով ներկայացնելու համար իսկապես որ չարժեր զորամաս գրավել կամ ոստիկան սպանել:
Ինչ վերաբերվում է իշխանափոխության պահանջին, ապա՝ անկեղծ լինենք. քաղաքական տեսանկյունից, իշխանության նկատմամբ լուրջ ճնշումներ չկան՝ անկախ նրա շուրջ ձևավորված վերաբերմունքից ու ոչ մի բան չի կարող ստիպել իշխանությանը կատարելու իրեն ուղղված պահանջները:

 


Անկախ դրդապատճառներից ու հույզերից, տեղի է ունեցել օրենքով արգելված գործողություններ, կա զոհ, վիրավորներ: Իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը զենքերը վայր դնելն է, մնացած բոլոր ճանապարհները արյունահեղության են բերելու, ընդ որում՝ անարդյունք:

 

Նարեկ Պողոսյան