Դեռևս միասնական կարծիք չկա, թե ինչ ասել է քաղաքական մշակույթ: Գոյություն ունեն բազմաթիվ սահմանումներ՝ հաճախ միմյանցից բավական տարբեր: Քաղաքական մշակույթն անընդհատ փոփոխվող և զարգացող ֆենոմեն է, որը արձագանքում է շրջապատող աշխարհի դինամիկային:
Եթե մշակույթ ասելով հասկանում ենք մարդկային հասարակության նյութական և հոգեկան արտադրության արդյունքները, ապա քաղաքական մշակույթը ներկայացնում է ընդհանուր մշակույթի այն հատվածը, որը միավորում է պատմական փորձը, սոցիալական անորոշության հիշողությունը և քաղաքականության ոլորտի առանձին մարդկանց կողմնորոշումներր, սովորությունները, ունակությունները, որոնք սահմանում են քաղաքական վարքը:

 


Քաղաքական մշակույթը պաշտոնական և ոչ պաշտոնական քաղաքական նորմերի միասնությունն է' օրենքները, սկզբունքներն ու սովորույթները, որոնք բավականին հստակ որոշում են, ուղղորդում, սահմանափակում ինչպես պետական գործիչների, այնպես էլ շարքային քաղաքացիների քաղաքական վարքագիծը:
Որպես քաղքական մշակույթի գործունեության սուբյեկտներ հիմնականում հանդես են գալիս խմբեր՝ պառլամենտական, կուսակցական խմբակցություններ, կառավարող խմբավորումները, կառավարությունը, իշխանության այլ մարմիններ:
«Քաղաքակաև մշակույթ» հասկացությունը գրականության մեջ արտահայտվում է բազմանշանակ՝ ինչպես քաղաքական հասկացությունը:
Քաղաքական մշակույթի կազմում մտնում են ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ-խմբային արժեքավոր կողմնորոշումը և քաղաքական համակարգի մասնակիցների վարքը:

 


ՀՀ անկախացումից հետո կարևոր նշանակություն ստացավ ազգային-քաղաքական մշակույթի ձևավորման խնդիրը: Հայ ժողովուրդը լինելով հպատակային տիպի քաղաքական մշակույթի կրող, մինչ օրս չի ձևավորել հասարակակենտրոն քաղաքական մշակույթ՝ մնալով անհատակենտրոնության տիրույթում: Անհատակենտրոն քաղաքական մշակույթը վաղ ժամանակներից իր տեղն է գտել արևելյան հանրույթներում:
Անհատակենտրոնությունը, ավանդույթի ուժով պահպանվելով հայ քաղաքական մշակույթի սահմաններում որոշակիորեն դրսևորվում է նաև հասարակական հարաբերություններում և հանդես գալիս որպես ազգային բնավորության գիծ: Մեր քաղաքական մշակույթում անհատակենտրոնությունը նկատելի է դառնում հատկապես քաղաքական էլիտայի շրջանակներում, երբ քաղաքական միավորները ձևավորվում և գործունեություն են ծավալում անհատների նախաձեռնությամբ: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ գաղափարական պայքարն իր տեղը զիջում է անձնական և կուսակցական շահերի բախման արդյունքում ի հայտ եկած պայքարին: Այս գործընթացն ընթանում է և´ իշխանության, և´ ընդդիմության շրջանակներում: Ըստ այդմ, իշխանությունը և ընդդիմությունը դուրս են մնում փոխլրացման գործընթացից:

 


Քաղաքական մշակույթները հասարակության լայն շերտերին մատուցելն այսօր հատկապես կարևոր է' յուրաքանչյուր հասարակության ներսում գոյություն ունեցող լարվածություններն ու պառակտումները հասկանալու համար:

 

Արմեն Հովասափյան