«Իսլամական պետության» (ԻՊ) լիդերներից Աբու Մուհամմադ ալ-Ադնանին այս տարվա մայիսի 21-ին ԶԼՄ-ներում տարածած իր ուղերձում հայտարարեց, որ Ռամադանը (մուսուլմանների համար սրբազան ամիս, որի ընթացքում բարեպաշտ մուսուլմանները պահք են պահում առավոտվա աղոթքից մինչև երեկոյան աղոթք) պետք է լինի արյունահեղությունների ամիս՝ կոչ անելով ԻՊ-ի գաղափարները կիսող իսլամականներին այդ ամսվա ընթացքում գնալ ահաբեկչությունների աշխարհի տարբեր հատվածներում:
Ալ-Ադնանիի ուղերձն անարձագանք չմնաց՝ մի քանի ահաբեկչական հարձակումներ տեղի ունեցան՝ Հորդանանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Թուրքիայում, Բանգլադեշում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում և այլն:

 


ԻՊ-ը ստանձնեց վերոհիշյալ ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը, բացառությամբ Ստամբուլի օդանավակայանի և հուլիսի 4-ին Սաուդյան Արաբիայի երեք քաղաքներում, այդ թվում մուսուլմանների համար սրբազան համարվող Մադինայի Մուհամմադ մարգարեի մզկիթի (Մասջիդ ալ-Նաբաուի) մոտ տեղի ունեցած հարձակումների:
Ե՛վ Թուրքիայի, և՛ Սաուդյան Արաբիայի հիշյալ ահաբեկչություններում ԻՊ-ի ձեռագիրն ակնհայտ է: Թուրքիան վաղուց է հայտնվել ԻՊ-ի թիրախում, որտեղ իրականացրել է մի շարք ահաբեկչություններ: Սակայն իսլամականները խուսափում են ստանձնել Թուրքիայի տարբեր հատվածներում տեղի ունեցած հնչեղ ահաբեկչությունների պատասխանատվությունը: Խնդիրն այն խողովակն է, որն անցնում է Թուրքիայի տարածքով, և որով «Իսլամական պետությունը» ստանում է հիմնական ֆինանսական, ռազմական, մարդկային օժանդակությունը: Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ահաբեկչություններին, ապա նման բռնություններով ԻՊ-ը ցույց է տալիս, որ իր ջիհադը կենտրոնացած չէ միայն շիաների, այլ նաև՝ «անհավատ» սուննիների և նրանց իշխանությունների վրա:
Մեկ հետաքրքիր հանգամանք ևս՝ Ստամբուլի օդանավակայանի և Սաուդյան Արաբիայի Մադինա քաղաքի վերջին բռնարարքներում ներգրավված մահապարտ ահաբեկիչները դաղստանցի, ղրղզ, տաջիկ և պակիստանցի էին: Դրանով ԻՊ-ը ի ցույց է դնում այն լայն աշխարհագրական արեալը, որտեղ ունի հետևորդներ, հետևաբար նաև՝ ազդեցություն:

 


ԻՊ-ի հիմնական առանձնահատկություններից մեկը նրա տարբերվելն է մյուս իսլամական ծայրահեղ արմատական ուժերից, որով հաջողվել է աչքի ընկնել իր ողջ պատմության ընթացքում (սկսած 1980-ական թթ. վերջից մինչև այժմ): ԻՊ-ը նման տարբերվող վարքագիծ է դրսևորում նաև այսօր՝ գնալով ահաբեկչությունների իր գաղափարները չկիսող նաև սուննիների հանդեպ, այդ թվում մուսուլմանների համար սրբազան համարվող Մադինա քաղաքում:
Այս ահաբեկչությունները պետք է ստիպեն քաղաքակիրթ մարդկությանը, հատկապես մուսուլմաններին հասկանալու «Իսլամական պետություն» անունով չարիքը, որը սպառնալիք է մուսուլմանական երկրների և ամբողջ աշխարհի համար: Սպառնալիք, որի դեմ պատք է պայքարել միահամուռ ուժերով:

 

Սարգիս Գրիգորյան