Իրանին դուր չի եկել Պաղեստինի ժողովրդի պաշտպանության օրը Ադրբեջանում մարդկանց փողոց դուրս չգալը
Ինչպես կանխատեսվել էր, Պաղեստինի ժողովրդի պաշտպանության օրվա չնշվելը Ադրբեջանում, հավատացյալ շիաների փողոց դուրս չգալը և ամեն տարվա պես Իսրայելի դեսպանատան դիմաց ցույց չանելը ամենևին էլ դուր չեկավ Իրանին:
Վերջին 2-3 օրերի ընթացքում իրանական մամուլում հայտնվում են հրապարակումներ, որոնցում քննարկման առարկան Ադրբեջանում' Պաղեստինի պաշտպանության օրվա կապակցությամբ հավատացյալների փողոց դուրս չգալն է և դրա պատճառների որոնումը:

 


Մի քանի կարծիքներ են առաջարկվել.
ա) Բաքուն ենթարկվում է Իսրայելին, որովհետև վերջինից կախվածության մեջ է, հատկապես ռազմական համագործակցության տեսակետից, և դա երևաց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Հետևաբար Իսրայելը ամեն ճնշում գործադրել է կանխարգելելու համար Պաղեստինի ժողովրդի պաշտպանության օրը Ադրբեջանում մարդկանց փողոց դուրս գալը: Ըստ իրանական տեսակետի' բոլոր հայտնի շիա առաջնորդները նախապես ձերբակալվել են հենց Իսրայելի հրահանգով:
բ) Իլ. Ալիևը ինքն էլ չի ցանկանում մարդկանց փողոց դուրս գալը, քանի որ սեփական իշխանության համար դա հղի է բազմաթիվ վտանգներով:

 


գ) Իրանական կողմը մեղադրում է հենց ինքն իրեն' համարելով, որ անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել իրանական կողմից Ադրբեջանում տեղի ունեցած որոշ դեպքերի: Մասնավորապես, երբ Նարդարանում ընդամենը մի քանի ամիս առաջ անխնա կոտորում էին շիա հավատացյալներին, հասարակ բնակչությանը, երբ ձերբակալում էին հայտնի առաջնորդներին և լցնում բանտերը, իրանական մամուլը դա շրջանցում էր, չէր լուսաբանում պատշաճ կերպով և չէր տալիս համապատասխան գնահատականներ:
Հետևաբար, երբ այսօր մարդիկ վախից այլևս փողոց դուրս չեն գալիս, իսկ Ադրբեջանի իշխանավորներն ու «հոգևոր առաջնորդները» Պաղեստինի ժողովրդի պաշտպանության օրվա համար կազմակերպված կլոր սեղանի շուրջ խոսում են միայն Ղարաբաղից, պետք հասկանալ, թե դրա հիմքում ինչ պատճառներ կան:

 

Արտյոմ Տոնոյան