Շարունակում ենք հայ ժողովրդի միասնականության թեզի հավաստիության ուսումնասիրությունը: Այս անգամ այն դիտարկենք մի փոքր այլ դիտանկյունից:
Մշակույթի դերն ու ազդեցությունը դժվար է գերագնահատել երբ ուսումնասիրում ենք ժողովուրդների առօրյայի ու մտածելակերպի ձևավորումը: Այս առումով համեմատության առարկա կարող են հանդիսանալ հայկական ու հունական մշակութային հետևյալ բաղադրիչները՝ դիցաբանության ինստիտուտները: Թերևս, դիցաբանությունը, որպես ժողովրդական մշակույթի բարձրագույն դրսևորումներից մեկը, արժեքավոր ինդիկատոր կլինի՝ հասկանալու համար տվյալ հասարակությունների ու դրանք կազմող անհատների վարքագծային նորմերը:

 


Անչափ խորհրդանշական է հույների համար, որ Ուրանոս-երկինքն իր որդիներին կալանում է երկրի ընդերքում: Իսկ նրանց մայրը՝ Երկիրը իր բանտրկված որդիներին հրահրում է հոր դեմ: Որսդիները միայն վախից են հավատարիմ մնում հորը: Նրա դեմ միայն Քրոնոսն է ընդվզում, տապալում է Ուրանոսին և խլում է իշխանությունը: Այնուհետև, վախենալով, որ իր որդիներն էլ իրոենից կխլեն այն, Քրոնոսը կուլ է տալիս բոլորին, և միայն Զևսին է մայրը խաբեությամբ փրկում. խաբեություն՝ հրահրված Ուրանոս-Երկնքից և Գեա-Երկրից:
Աշխարհի և Աստվածների ծագման այս դրվագը խիստ խորհրդանշական է հունական մենթալիտետի ու միասնական պետականության հանդեպ հին հույների ունեցած պատկերացնումների առումով: Մեկ ընտանիքի (աստվածների) ներսում անընդհատ տեղի ունեցող պառակտումներն ու միմյանց դեմ պայքարը կենցաղում ու քաղաքական հարաբերություններում պրոեկտվում է մարդկանց վրա, մյուս կողմից հենց ինքն էլ հանդիսանում է կյանքում մարդկանց մտածողության ու պատկերացումների արգասիք:

 


Իսկ հայկական դիցարանում, որքան էլ տեղեկությունները սուղ են ու սահմանափակ, միևնույն է, այսպիսի երկպառակությունների ու դավադրությունների չենք հանդիպում: Այնտեղ պատերազմի դրվագ կա Նոյի որդիների միջև, որը սակայն, ավելի ուշ է մտել հայկական դիցաբանության մեջ և մաքուր հայկական ծագում չունի:
Ամենակարևոր օրինաչափությունը, որ կա երիկու ժողովուրդների ստեղծագործություններում, ֆոլկլորում, այն է, որ հույները պայքարում են ներքին, իսկ հայերը՝ արտաքին թշնամիների դեմ: Սա է ամենահիմնական ու կարևորագույն տարբերությունը:

 

Դավիթ Պետրոսյան